Չինաստանում ավտոմեքենաների վաճառքը հունվարին նախորդ տարվա համեմատ նվազել է 12%-ով, ինչն առաջին անկումն է սեպտեմբերից ի վեր և ամենամեծը՝ գրեթե մեկ տարվա ընթացքում, քանի որ ավտոարտադրողները պատրաստվում են աշխարհի ամենամեծ ավտոշուկայում կոշտ մրցակցությանը: Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Մարդատար ավտոմեքենաների վաճառքը սովորաբար մեծ տատանումներ է ունենում տարվա առաջին երկու ամիսներին՝ պայմանավորված լուսնային ամանորյա տոնի ժամանակի փոփոխությամբ, որը սկսվել է այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա փետրվարի փոխարեն:
Վերլուծաբանները պնդում են, որ այս տարվա պահանջարկի մի մասը կարող է առաջնային լինել, քանի որ ավտոարտադրողները պայքարում էին 2024-ի վերջին վաճառքի տարեկան նպատակներին հասնելու համար, մինչդեռ սպառողները շտապում էին օգտվել պետական սուբսիդիաներից մինչև անցյալ ամիս երկարաձգման մասին հայտարարվելը:
Էլեկտրական ավտոմեքենաների և ցանցին միացող հիբրիդների վաճառքը, որոնք հայտնի են որպես էներգիայի նոր աղբյուրից օգտվող ավտոմեքենաներ, տարեկան կտրվածքով աճել է 10,5 տոկոսով՝ կազմելով ընդհանուր վաճառքի 41,2 տոկոսը: Սա երկրորդ ամիսն անընդմեջ է, որ նման ավտոմեքենաների վաճառքը չի գերազանցում բենզինային ավտոմեքենաների վաճառքը, ցույց են տվել Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի (CPCA) տվյալները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ Գյումրիում մարտին կայանալիք ընտրություններին ՔՊ-ն հաղթելու է:
ArmLur.am-ը հայտնել էր, որ հինգշաբթի օրը ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն մեկնելուց ժամեր առաջ հավաքվել եւ քննարկել են Գյումրիում կայանալիք ընտրությունները:
ՔՊ նիստի «գլխավոր դերակատարներից» մեկը համայնքապետի ժ/պ Սարիկ Մինասյանն է եղել, որը վստահեցրել է՝ իրենից հասանելիք ամեն ինչ անում է, հանդիպում է քաղաքացիների հետ, շահում նրանց վստահությունը, որ ընտրվի:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամները, անգամ Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն է եկել Երեւան՝ ՔՊ նիստին մասնակցելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի մասը անհանգստություն է հայտնել, որ իսկապես թեժ մրցակցություն է սպասվում, քանի որ մյուս թեկնածուները՝ Ռուբեն Մխիթարյան, Վարդան Ղուկասյան, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան նույնպես մեծ հեղինակություն ունեն Գյումրիում:
Չնայած այս անհանգստություններին՝ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին, թե խոչընդոտներ կլինեն, բայց ամեն ինչ լավ կլինի:
Ուղղակի հրահանգել է մինչեւ ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է, որ փետրվար ամսվա ընթացքում աշխատանքի գալու փոխարեն օրվա առաջին կեսը հանրային տրանսպորտից օգտվեն եւ հոգեբանական ճնշում գործադրեն, հակադրվեն տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտող, ուղեվարձը չվճարող քաղաքացիներին։ Չնայած պատկան մարմինները կշտապեն փրփրաբերան հերքել այս տեղեկությունները, սակայն անցած օրերին հանրային տրանսպորտում գրանցված միջադեպերն ինքնին փաստում են այս տեղեկության իսկությունը։
Առանց բացառության` բոլոր այն քաղաքացիները, որոնք ողջունել են ուղեվարձի թանկացումն ու վիրավորել բոյկոտողներին, այս օրերին լրատվամիջոցների կատարած հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ այս կամ այն վարչական շրջանի կամ քաղաքապետարանի աշխատակիցներ են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ նա քննադատել է եվրոպական կառավարություններին:
Վենսը որպես խոսքի ազատության սահմանափակման օրինակ է բերել Եվրահանձնաժողովի գործողությունները սոցիալական մեդիայի դեմ: Նրա խոսքով՝ ինքը «չի կարողանում հասկանալ եվրոպական որոշ երկրներին» և «որոշակի բարկությամբ է նայում Եվրոպային»։
«Եթե մարդիկ հայտնում են իրենց կարծիքը և դրա համար պատժվում են, Թրամփի վարչակազմը ճիշտ հակառակը կանի։ Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ։ Եվ մենք աշխատելու ենք, որպեսզի այդ տարբեր տեսակետները կարողանան գոյություն ունենալ»,- ասել է նա:
Վենսը նշել է, որ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը ոչ թե այս կամ այն երկիրն է, այլ սեփական արժեքների խարխլումը։
«Ես տեսնում եմ, որ այսօր այստեղ կան բազմաթիվ խոշոր ռազմական առաջնորդներ, բայց չնայած Թրամփի վարչակազմը շատ անհանգստացած է Եվրոպայի անվտանգությամբ և կարծում է, որ մենք կարող ենք խելամիտ կարգավորման գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, և մենք նաև կարծում ենք, որ կարևոր է, որ Եվրոպան զգալի քայլեր ձեռնարկի առաջիկա տարիներին՝ սեփական պաշտպանությունն ապահովելու համար։
Եվրոպայի համար ինձ ամենաշատն անհանգստացնող սպառնալիքը Ռուսաստանը չէ, Չինաստանը, ոչ մի այլ արտաքին խաղացող: Ինձ մտահոգում է սպառնալիքը ներսից, Եվրոպայի նահանջն իր որոշ կարևոր արժեքներից, արժեքներից, որոնք կիսում են Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ասել է Վենսը։
Նա կշտամբեց Եվրոպային խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի համար՝ մատնանշելով, որ երբ նայում ես Եվրոպային այսօր, «երբեմն այնքան էլ պարզ չէ, թե ինչ է պատահել Սառը պատերազմի որոշ հաղթողների հետ»:
Եզրափակելով, Վենսն ասաց, որ եթե ամերիկյան ժողովրդավարությունը կարողացել է գոյատևել ակտիվիստ Գրետա Թունբերգի 10 տարվա «կշտամբանքներին», ապա Եվրոպան կարող է մի քանի ամիս «դիմանալ» Իլոն Մասկին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում փորձում է Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր գտնել, ինչի մասին վկայում է Թրամփ-Պուտին հայտնի հեռախոսազրույցը, Հայաստանի իշխանությունները համառորեն շարունակում են Ռուսաստանի դեմ հիվանդագին քայլեր ձեռնարկել` չգիտակցելով Հայաստանի պետական շահը եւ վնասելով ՀՀ-ին։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն այս օրերին Ուկրաինա է այցելել, հանդիպել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ եւ ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն ու հիացմունքն է հայտնել Գերագույն ռադայի գործընկերներին` «երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար եւ շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը»:
Պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք նաեւ, որ Խանդանյանն այցելել է Բուչա` հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին: Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո Ուկրաինան ողջունել է Ադրբեջանի հաղթանակը եւ բազմիցս ցույց տվել իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանդեպ։ Անգամ եթե այդպես չլիներ, ապա աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Կիրանցով և Բաղանիսով սահմանազատումը չի ավարտվելու, նոր սահմանային սյուներ են դրվելու հարևան մյուս երկրների հետ ևս:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ուներ, որ հայտնի սահմանազատումը սկսվելու է Գեղարքունիքի մարզից՝ Ճամբարակ և Սոթք համայնքներից։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե կոնկրետ, որ կետերից է սկսվելու սահմանագծումն ու սահմանազատումը։ Նախարարությունից լրացուցիչ ժամանակ են խնդրել հարցմանը պատասխանելու համար, սակայն արտաքին գործերի նախարարությունից հարցմանը պատասխանել էին հետևյալ կերպ.
«Ըստ 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպման արդյունքների՝ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասված է հարցմանն ի պատասխան։
Այսինքն, սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ:
Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների անխախտելիության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության իր դիրքորոշումը։
Օրինակ՝ 2025 թվականի փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ «տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»։
Իշխանությունները փորձում են Հայաստանն ավելի մասնատել, նոր պատեր կառուցել սահմանին և նոր անվտանգային ծառեր տնկել՝ ադրբեջանցիներին չտեսնելու համար։ Ահա այսպիսին է «Ապագա կա՛» արտահայտության գործնական տարբերակը»
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանը դիմել է Արցախի ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով թարմացնել իրենց ընտրացուցակները։ Սամվել Բաբայանի թիմակիցը գրել է․ «Հիմք ընդունելով այն, որ ընտրական ցուցակներ վարելը ԿԸՀ-ի կողմից դարձել է անհնարին, ուստի, ԱՀ ներկայացուցչական մարմնի կենսունակ կազմն ապահովելու նպատակով, առաջարկվում է մանդատ ստացած կուսակցություններին ներկայացնելու նորացված ցուցակներ»։
Նման հնարավորություն ընձեռելով՝ «կերաշխավորվի ԱԺ կենսունակությունը», հնարավոր կլինի մինչեւ հաջորդ ընտրությունները ԱՀ խորհրդարանում ապահովել «ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձեւավորված քաղաքական հավասարակշռությունը»։ Այս առաջարկը նա արել է այն բանից հետո, երբ Արցախի նախագահը գտել է ԱԺ գործունեությունը երկարաձգելու իրավական հիմքը:
Արցախի ԱԺ խմբակցությունները չեն քննարկել այս առաջարկը, քանի որ Բաբայանի կուսակցության պատգամավորներն ասել են, որ սա իրենց պաշտոնական առաջարկը չէ, իրենք համաձայն չեն դրա հետ։
Արցախցիները կարծում են, որ Բաբայանը սա անում է, որովհետեւ իր ֆրակցիան ամբողջությամբ կառավարելի չէ իր կողմից` հաճախ միանում են ՀՀ իշխանությունների դեմ արվող հայտարարություններին, հետեւաբար, ուզում է նրանց փոխարինել հավատարիմներով, որոնք կհակադրվեն արցախցի պատգամավորներին։ Այն Բաբայանը, որը կողմ էր Արցախի պետական ինստիտուտները ՀԿ-ներով փոխարինելուն, հիմա մտահոգվել է պետական մարմնի կենսունակությամբ:
Ի դեպ, Սիրան Ավետիսյանն աշխատում է ՀՀ ԿԸՀ-ում, որն ապաքաղաքական մարմին է, սակայն խառնվում է քաղաքական կյանքին: ԿԸՀ-ից ասացին, որ նա 2023 թ. նոյեմբերի 1-ից ղեկավարում է ԿԸՀ ուսումնական կենտրոնը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աղազարյանը այս օրերին տարբեր հանդիպում-քննարկումներ է ունենում իր նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչների հետ, որ անվստահության գործընթաց սկսի:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին տեղի էր ունեցել Հովիկ Աղազարյանի և ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավոր Հակոբ Ասլանյանի նորաստեղծ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» հիմնադիր համագումարը, որի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր. «Պայքարելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի և նորից վարչապետ չդառնա»: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը ԱԺ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ Հովիկ Աղազարյանը, փաստորեն, մերժել էր Փաշինյանի խնդրանքը։
Մենք դիմեցինք Աղազարյանին՝ պարզելու, թե երբ է պրոցես սկսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահանջով. վերջինս հայտարարեց, թե «Իմ առաջիկա պլանների մասին նպատակահարմար չեմ համարում խոսել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից: Նախօրեին հայտնի նիկոլական ախուրյանցի Անոն հայտարարեց․ «Մի մեշոկ փող տան` չեմ ընտրի էլ Նիկոլին»:
Իսկ երեկ 2018-ից հետո նրան մշտապես սատարած սփյուռքահայ Արա Թորանյանը` Nouvelles d'Arménie ամսագրի խմբագիրն էր արտահայտվել` անդրադառնալով ֆրանսահայերի հետ Փաշինյանի հանդիպմանը:
«Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, եկեղեցու, սփյուռքի եւ նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ: Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը»,- հոդվածը եզրափակել է Թորանյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Չիլիում կետն անսպասելի հարձակվել և կուլ է տվել փչովի փոքր նավակն ու թիրավարողին, սակայն վայրկյաններ անց երախից դուրս է շպրտել երիտասարդին և նավակը: Հայրը նկարահանելիս է եղել որդուն, երբ կետը հարձակվել է նավակի վրա։ Երիտասարդը մի քանի վայրկյան մնացել է կետի բերանում՝ ստանալով քերծվածքներ, Թերթի փոխանցմամբ՝ գրում է Associated Press-ը:
Տեսանյութի հերոսը՝ Ադրիան Սիմանկասը, պատմել է, որ հոր հետ Մագելանի նեղուցում էր, երբ կենդանին հարձակվել է:
«Մտածեցի՝ մահացել եմ, մտածեցի՝ արդեն կերել է ինձ, կուլ տվել», - պատմել է Սիմանկասը՝ նկարագրելով մի քանի վայրկյանի սարսափը: