Ֆրանսիան ու Իտալիան արգելափակել են Ուկրաինային 5 մլրդ եվրո հատկացնելու առաջարկը

Մանրամասներ
եմ ուկրաինա դրոշ

Ֆրանսիան և Իտալիան արգելափակել են Եվրամիության առաջնորդների՝ 2025 թվականին Ուկրաինային զինամթերք գնելու համար 5 մլրդ եվրո հատկացնելու առաջարկը՝ չնայած դաշինքի անդամ երկրների մեծամասնության աջակցությանը։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը։

Մարտի 20-ին Բրյուսելում հավաքված եվրոպացի դիվանագետների խոսքով՝ 27 անդամ երկրների մեծ մասը հանդես է եկել անհապաղ ֆինանսավորում տրամադրելու օգտին, սակայն Փարիզն ու Հռոմը հրաժարվել են կոնկրետ ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գագաթնաժողովում ելույթ ունենալով տեսակապի միջոցով, եվրոպացի առաջնորդներին կոչ է արել արագացնել գործընթացը և հնարավորինս շուտ միջոցներ տրամադրել։

«Bloomberg»-ը գրում է, որ ռազմական օգնության շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշումները կարող են էապես դժվարացնել ԵՄ-ում օպերատիվ որոշումների ընդունումը:

Միաժամանակ մարտի 17-ին ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 3,5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիան և Իսպանիան պատրաստ չեն աջակցել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասի առաջարկին, այն է` 2025 թվականին Ուկրաինայի ռազմական օգնությունը հասնել 40 մլրդ եվրոյի։