Ուկրաինան մտադիր չէ պաշտոնապես ճանաչել տարածքների կորուստը, արձանագրել իր հրաժարվելը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելուց և համաձայնել իր զինված ուժերի հնարավորությունների սահմանափակմանը։ Այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է RBC-Ukraine հրատարակությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նախ, բանակցությունների ենթակա չէ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
«Ուկրաինան երբեք չի ճանաչի օկուպացված տարածքները։ Երկրորդ, ոչ մի երկիր չի կարող վետո դնել ուկրաինացի ժողովրդի ընտրության վրա, Ուկրաինայի ընտրության վրա՝ մասնակցելու այս կամ այն միությանը՝ լինի դա Եվրոպական միությունը, թե ՆԱՏՕ-ն: Երրորդ, չի կարող լինել Ուկրաինայի պաշտպանունակության ոչ մի սահմանափակում, մեր բանակի հզորության, մեր հնարավորությունների ոչ մի սահմանափակում», – ասել է նա՝ պատասխանելով բանակցություններ սկսելու դեպքում Ուկրաինայի «կարմիր գծերի» վերաբերյալ հարցին։
Ի դեպ, նա նաև նշել է, որ համաձայն չէ «կարմիր գծեր» բնորոշման հետ։ Դրանք, իր խոսքով, հիմնարար սկզբունքներն են, որոնք բանակցությունների ենթակա չեն, որոնց «դիպչել չի կարելի»։
2024 թ. հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը, որը ենթադրում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի կարգավիճակի ճանաչում, Ուկրաինայի արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակի ամրագրում, երկրի «ապառազմականացում և դենացիֆիկացում», հակառուսական պատժամիջոցների չեղարկում:
0Comments