Ռուսաստանին հարվածելու համար Ուկրաինայի ATACMS հեռահար հրթիռները սպառվել են

Մանրամասներ
ATACMS

Ուկրաինայի Զինված ուժերը սպառել են բոլոր հեռահար ATACMS հրթիռները, որոնք օգտագործել են Ռուսաստանին հարվածելու համար, Associated Press-ին հայտնել են ամերիկացի անանուն պաշտոնյան եւ Գերագույն ռադայի պաշտպանության կոմիտեի անդամը: Գործակալության ամերիկացի զրուցակցի խոսքով՝ ընդհանուր առմամբ Վաշինգտոնը Կիեւին մոտ 40 հեռահար հրթիռ է տրամադրել։ Ընդ որում՝ դրանք վերջացել են դեռ հունվարի վերջին։

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի, Բրյանսկի, Բելգորոդի եւ Ռոստովի մարզերի վրա գրոհների համար օգտագործել են ATACMS-ներ։ Որոշ գրոհներ հանգեցրել են զոհերի եւ ավերածությունների: Նոյեմբերի 19-ին եւ 21-ին Բրյանսկի եւ Կուրսկի մարազերի ռազմական օբյեկտները ենթարկվել են ամերիկյան հրթիռների հարձակմանը։ Գրոհի վերջին թիրախը եղել է Հյուսիսային խմբավորման հրամանատարական կետը։ Զինվորականների մեջ կան զոհեր եւ վիրավորներ։

Ի պատասխան՝ նոյեմբերի 21-ին Ռուսաստանը «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով խոցել է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտը։ Սակայն հարվածների փոխանակումից հետո Ուկրաինան շարունակել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին՝ օգտագործելով արեւմտյան հրթիռներ։