ԱՄՆ-ի հետ համագործակցության ոլորտները բազմաթիվ են՝ սկսած տնտեսական համագործակցությունից, վերջացրած անվտանգության ու պաշտպանության ոլորտներում համագործակցությամբ, մեր ժողովրդավարական ինստիտուտներին աջակցությամբ: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության հաստատմանը:
«Իսկապես շատ հաջողված, բազմաոլորտ եւ լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է:
Բայց ես ուրիշ բանի եմ ուզում անդրադառնալ. Շատ հետաքրքիր մանիպուլյացիոն գործընթացներ եղան, որոնք մի քիչ սովոր աչքի համար տեսանելի են: Մի մասն ասաց՝ վերջ, փրկվանք: Ժողովուրդ ջան, չփրկվանք եւ պետք չի, ընդհանրապես, փրկիչներ ման գալ, ինչպես պետք չէր ժամանակին փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա էլ պետք չի փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արեւելքում ու արեւմուտքում: Եթե մենք փրկվելու ձեւ ունենք, մենք ինքներս պետք է այնպես անենք, որ եւ փրկվենք, եւ զարգանանք, ամրանանք: Մենք փրկիչներ չենք փնտրում, եւ այս փաստաթղթով էլ փրկիչներ չենք գտել:
Մենք տարիներ շարունակո ԱՄՆ-ի հետ ունեցել ենք համագործակցության մի ֆորմատ, որը կոչվել է ռազմավարական երկխոսություն: Մենք գարնանը հայտարարել էինք, որ որոշել ենք եւ աշխատելու ենք, որ մեր հարաբերությունները մտադիր ենք բարձրացնել մի մակարդակ ավել՝ ռազմավարական գործընկերության: Եվ ահա, մենք հունվարի 14-ին փաստաթուղթ ենք կնքել:
Մյուս խումբն ասում է՝ սա ռազմական դաշինք է, որ ընդհանրապես այդպես չի: Հավանաբար էն մտքով, որ հետո ասեն՝ տեսա՞ք, ռազմավարական դաշինքն էլ չաշխատեց, այստեղ էլ տարբեր պոչեր կարելի է գտնել:
Բբայց ամենափայլունը այն մի խումբն էր, որ ասում էր՝ լավ է, վատ է, բայց մեզ սրա համար Թեհրանը և Մոսկվան պատժելու են։
Ես վերադարձել եմ Մոսկվայից, աշխատանքային այցով էի այնտեղ, իմ տեղակալը մեկ օր առաջ վերադարձել է Թեհրանից, մենք մեր մոսկովյան և թեհրանյան գործընկերների հետ շատ սերտ, կարելի է ասել ամենօրյա, ամենշաբաթյա կապի մեջ ենք, շատ հարցեր կոորդինացնում ենք և փոխըմբռնման գործընկերության մթնոլորտում աշխատում ենք»,- հայտարարեց Միրզոյանը:
Նա հայտարարեց, որ մեզ առաջնորդում է Հայաստանի Հանրապետության շահը և բացառապես Հայաստանի Հանրապետության շահը. «Մենք սուվերեն երկիր ենք և բոլոր երկրների հետ էլ ուզում ենք զարգացնենք մեր հարաբերությունները, մենք որոշում ենք՝ ում հետ ինչքան: Իսկ ում հետ էլ ունենք վատ հարաբերություններ, փորձում ենք կարգավորել: Մեր բոլոր ընկերները, որոնք հարգում են մեր ինքնիշխանությունը, թող նաև հարգալից մոտենան մեր այս դիրքորոշման նկատմամբ։
Սա իսկապես կարևոր փաստաթուղթ էր և այն որևէ կերպ անփայլ փաստաթուղթ անվանել հնարավոր չէ, եթե փորձում ես օբյեկտիվ գնահատել, ոչ էլ ավել: Այն ռազմական դաշինք անվանել էլ չի կարելի, այն ընդհանրապես պայմանագիր չի, կանոնադրություն է: Այնպես որ ճիշտ չափի մեջ նորմալ, ռացիոնալ, եկեք բալանսավորված, կշռադատված, դանդաղ քայլերով վստահ, բայց վստահ գնանք առաջ»,- ընդգծեց ԱԳ նախարարը:
0Comments