Ինչո՞ւ է ՀՀ–ն սահմանազատումը սկսում հյուսիսից. Միրզոյանը պարզաբանում է

Մանրամասներ
սահման սահմանազատում

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի պնդմամբ` Ադրբեջանի հետ սահմանազատումը չի շարունակվում Սյունիքի մարզից, քանի որ նման գործընթացի համար պետք է երկկողմ համաձայնություն լինի պետությունների միջև։ Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԳ նախարարի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սյունիքի մարզում օկուպացված են երկրի զգալի տարածքներ։

Նշենք, որ հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համալիր աշխատանքներ են սկսվելու հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

«Մենք ասում ենք, որ ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ` 200 քառ. կմ–ից ավելի մակերեսով, որոնք պետք է սահմանազատման գործընթացի ժամանակ ներկայացնենք` փաստարկներ, հիմնավորումներ, փաստաթղթեր և այլն։ Սկսել հյուսիսի՞ց, թե՞ հարավից։ Դուք էլի ձեր մտքում մի հատ բան ունեք գծած, որը ձեր մտքում է, իսկ ինձ որ մնար, ՀՀ սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից և ավարտեի Ատլանտյան օվկիանոսով։ Պետք է հասկանալ, որ մոլորակում բացի մեզնից ևս 200 պետություն կա։ Երբ առնչվում ենք այն հարցերին, որոնք միայն Հայաստանին չեն վերաբերում, ապա պետք է հասկանանք, որ որևէ բան կարող ենք անել, երբ երկկողմ համաձայնություն կա այդ մասին»,– նշեց Միրզոյանը։

Նա հերթական անգամ առաջ տարավ այն թեզը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության գործընթացի շատ էական բաղադրիչ, ինչպես նաև հենասյուներից մեկը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին կողմերը Տավուշում 12 կմ հատվածի սահմանազատում են իրականացրել։