Սիրիայի տարածքում ռուսական ռազմակայան բազաների ապագայի և Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունների հարցերը բանակցությունների փուլում են՝ հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան։ Սիրիայում ռուս զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսում գտնվող ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնում։
«Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը։ Մենք դեռ հրահանգներ չենք ստացել։ Սակայն բանակցություններ են ընթանում, որոնք վարում է ղեկավարությունը՝ ԱԳՆ-ի մասնակցությամբ»,- ասել է Մուրհաֆ Աբու Կասրան Al Araby-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշում է «Коммерсантъ»-ը, երկկողմ համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը կարող է Սիրիայի տարածքում ռազմակայաններ օգտագործել մինչև 2066 թվականը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից «Ъ»-ին հայտնել են, որ իրենք փոփոխություններ են ակնկալում Արաբական Հանրապետությունում ռազմական ներկայության պայմաններում։
0Comments