Մենք ուշադիր հետևում են Տավուշում, ինչպես նաև Երևանում զարգացումներին. Մարագոս

Մանրամասներ
եմ

Aravot.am-ի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը վստահեցրել է՝ իրենք ուշադիր հետևում են Տավուշում, ինչպես նաև Երևանում զարգացումներին։ Վասիլիս Մարագոսի հետ հարցազրույցն Aravot.am-ն անցկացրել է մայիսի 27-ին։

– Պարո′ն դեսպան, մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ է անում դիտարկել Հայաստանին՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Ինչպե՞ս կգնահատեք այս հնարավորությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ն չի ստորագրել Ասոցացման համաձայնագիր, ՀՀ-ն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է և չունի ընդհանուր սահման ԵՄ-ի հետ։ Չեք կարծո՞ւմ, որ սրանք խոչընդոտներ են։

– Հայաստանն ու Եվրամիությունն ունեն շատ սերտ հարաբերություններ, գործընկերություն։ Դա հիմնված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, որը ստորագրվել է 2017-ին, այնուհետև՝ 2018-ին համաձայնեցրել ենք մեր գործընկերության առաջնահերթությունները։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության մոտարկմանը։ Եվ սա չափազանց կարևոր գործոն է, որը շատ կոնկրետ է դարձնում մեր համագործակցությունը` միաժամանակ տեղում աջակցելով ընթացող բարեփոխումներին։ Այս բարեփոխումների հիման վրա մենք վերջին մի քանի տարիներին զարգացրել ենք համագործակցությունը։ ԵՄ-ն Հայաստանի բարեփոխումների հիմնական գործընկերն է, և մենք ներկայումս ունենք տարբեր ոլորտներում ՀՀ-ին աջակցության՝ ավելի քան 350 միլիոն եվրոյի ԵՄ դրամաշնորհային պորտֆել։ Այժմ աշխատում ենք այս գործընկերությունը խորացնելու ուղղությամբ, մասնավորապես այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը Եվրախորհրդարանում խոսեց հարաբերությունները խորացնելու և միմյանց հետ մերձենալու մասին։

Մենք առաջ ենք մղել համագործակցությունը, սկսել ենք աշխատանքը գործընկերության նոր օրակարգի վրա, ներկայացվել է նոր՝ ՀՀ-ի դիմակայունության և աճի ծրագիրը։

Այսպիսով, այս ամենը ՀՀ-ին շատ ավելի է մոտեցրել ԵՄ-ին, և մենք այժմ աշխատում ենք տեղում ապահովելու այս օրակարգը: Ձեր նշած բոլոր փաստերը չափազանց կարևոր են, դրանք պետք է հաշվի առնել: Ինչ վերաբերում է թեկնածուի կարգավիճակ շնորհելուն, ուզում եմ շեշտել՝ պարզ է, թե որն է ընթացակարգը, որոնք են ԵՄ անդամակցության համար դիմելու իրավունքներն ու պարտավորությունները, և դա հայ ժողովրդի ինքնիշխան որոշումն է։ Մի կողմից մենք քննարկում ենք գործընկերության նոր օրակարգը, բայց մյուս կողմից` դա իսկապես ինքնիշխան որոշում է, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները գործընկեր երկրի և ԵՄ-ի միջև: Հավանաբար տեսել եք Եվրախորհրդարանի բանաձևը, որտեղ խոսվում է հարաբերությունների ամրապնդման մասին։ Սա ցույց է տալիս այն աջակցությունը, որն առկա է ԵՄ-ի տարբեր ինստիտուտների կողմից ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու համար:

-ԵՄ պաշտոնյաները մշտապես հայտարարում են, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն ու քաղաքականությունը։ Սակայն նախկինում կայացրած որոշումների պատճառով` ՀՀ-ն գտնվում է ՌԴ-ից կախվածության մեջ տարբեր ոլորտներում: Ըստ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀՀ ներկրվող գազի 87,5% -ը Ռուսաստանից է, ՀՀ-ի արտահանումների առյուծի բաժինը դեպի ՌԴ է։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում։

 -ԵՄ-ն աջակցում է ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ ուժեղացնել, մրցունակ դարձնել և դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Այս համատեքստում մենք գործընկերներ ենք, և արդեն տրամադրել ենք աջակցություն՝ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի, տարատեսակ բարեփոխումների համատեքստում, որոնք ՀՀ-ն ավելի մրցունակ կդարձնեն։ Ուզում եմ ընդգծել, որ դիվերսիֆիկացիան մրցունակության և ինքնիշխանության ամրապնդման համար ևս մեկ հանգամանք է։ Մենք այս համատեքստում գործընկերներ ենք և ունենք ծրագրեր օգնելու զարգացնել որակի ենթակառուցվածքները, ինչն ավելի մրցունակ կդարձնի մասնավոր հատվածը։ Ավելի քան 350 միլիոն եվրոյի ներդրում է կատարվել մասնավոր հատվածի զարգացման համար՝ տնտեսական և ներդրումային պլանի համատեքստում։ Էներգետիկ ոլորտը ևս ՀՀ-ի դիմակայունության և աճի ծրագրի մի մաս է։ Իհարկե, մենք պատրաստ ենք անել ավելին, բայց նաև շատ բան անում ենք վերականգնվող էներգիայի ոլորտում, որպեսզի նոր հնարավորությունները՝ ինչպիսիք են կլիմայի անցումը, վերականգնվող էներգիայի օգտագործումը կարողանանք առաջարկել ՀՀ-ին։ Արևային էներգիայի օգտագործման ոլորտում արդեն կան ներդրումներ։ Մասնավորապես, մենք աջակցում ենք միակցվածության ընդլայնմանը։ Էլեկտրաէներգիայի միացման գիծը Վրաստանի միջով, նաև թույլ կտա Հայաստանին միանալ Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին, ինչը շատ ավելի կսերտացնի կապը Եվրոպայի հետ: Այս ամենը կարևոր է ՀՀ-ի դիմակայունությունն ամրապնդելու համար, ինչպես նաև՝ էներգետիկ փոխակերպման, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի հարցում նոր հնարավորություններ են։ Ուզում եմ նաև շեշտել, որ վերջին շրջանում ԵՄ-ն ներդրումներ է կատարում հատկապես միջուկային անվտանգության ոլորտում։

Ավելի քան 60 միլիոն եվրոյի ներդրում է կատարվել Մեծամորի ատոմակայանում և մենք կշարունակենք ներդրումները միջուկային անվտանգության ոլորտում, քանի որ կարևորում ենք ՀՀ-ում միջուկային էներգիան, ինչպես նաև փարատելու միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի քաղաքացիների մտահոգությունները։ Այս բոլոր ոլորտներում մենք պետք է տեսնենք, թե այժմ ինչ բացթողումներ կան գործընկերության հետ կապված ու թե ինչպես կարող ենք ավելի ամուր դարձնել մեր հարաբերությունները: Ինչ վերաբերում է առևտրի դիվերսիֆիկացիային, երկու շաբաթ առաջ ՀՀ այցելեց ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, և ՀՀ կառավարության հետ քննարկում եղավ առևտրի ու տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցերի շուրջ։

Շատ հնարավորություններ կան, մասնավորապես նա ներկայացրեց ԵՄ-ի՝ միասնական շուկայի ծրագրին մասնակցության մասին, ինչը հնարավորություն կտա հայկական ընկերություններին, որոնք ուզում են արտահանում կազմակերպել դեպի ԵՄ շուկա, դիմել տարբեր գործիքների և ունենալ հնարավորություններ ԵՄ շուկա արտահանման համար։ ԵՄ շուկան պատրաստ է ընդունել հայկական ապրանքներ։ Հայկական կողմի հետ միասին պետք է աշխատենք՝ համոզվելու , որ դա հնարավոր է, հաշվի առնելով տարբեր չափանիշները, որոնք կիրառվում են հայկական արտադրություն ստեղծելիս։