Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Նրա ասածը հաստատվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից:
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն Ամիրբեկովի հայտարարության մեջ մի քանի վտանգավոր ռիսկեր է տեսնում:
«ԱԳՆ-ն չհերքեց, որ Ադրբեջանը, որպես խաղաղության փաստաթղթի ստորագրման նախապայման՝ ուղղակի պարտադրում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը: Ադրբեջանի պաշտոնյան հստակ ասում է, որ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության՝ 100 տարի էլ անցնի՝ խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվելու, որովհետև իրենց պետք են հստակ երաշխիքներ, որ որևէ հաջորդ իշխանություն չի գալու և այն չի չեղարկելու: Մենք տեսնում ենք, որ այսօր ԱԳՆ-ն ինչի մասին ասես՝ խոսել է, բացի այն ուլտիմատումից, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով պետք է փոխվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ո՞նց եք պատկերացնում խաղաղության պայմանագիր՝ առանց սահմանների ճշգրտման: Նիկոլ Փաշինյանը տապալել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային ցանկացած գործընթաց, և քանի որ ինքն այլևս օրակարգ չունի, հեծանիվ է քշում, գնում է բնակավայրեր՝ տանձի պրիկոլ է անում: Մենք տեսնում ենք անօրակարգ իշխանություն, բայց դա եթե միայն իր պրոբլեմը լիներ, մենք կասեինք՝ հասնում է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդն է ներկայացնում Հայաստանը, նա է բանակցում Հայաստանի անունից, և այն արհավիրքը, որի մեջ ենք, այն արհավիրքը, որը դեռ գալու է, մեր բոլորի անձնական ողբերգությունն է»,- ընդգծեց նա:
Ադրբեջանի հիմնական պահանջը շարունակում է մնալ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, և նույնիսկ հուշում են, թե ինչպես դա պետք է արվի: Նույն Էլչին Ամիրբեկովն ասել է, որ եթե Հայաստանում սահմանադրական փոփոխության հանրաքվեի հարցը դրվի այսպես՝ ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել, ապա հայ ժողովրդի մեծամասնությունը, ըստ նրա՝ խաղաղությանը կաջակցի, քանի որ, նրա խոսքով՝ 2021-ին, երբ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեց, նրա կուսակցությունը հաղթեց: «Սովորաբար ցանկացած առաջնորդ պատերազմը նման կերպ տանուլ տալուց հետո ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Վերոնշյալի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը հետևյալն ասաց. «Կապիկի նման ծառի վրա գտնվող ցեղախմբի ներկայացուցիչը մեզ այսօր ասում է՝ աբսուրդ է, որ նման ջախջախիչ պարտությունից հետո ձեր հասարակությունը գնում և ընտրում է, այսինքն՝ ասում է՝ դուք հիվանդ հասարակություն ունեք: Ամիրբեկովն ասում է այն, ինչ մշտապես ասել է Նիկոլը՝ չե՞ք ուզում պատերազմ, պետք է համաձայնեք ստորացուցիչ բոլոր այն պայմաններին, որն առաջարկում է Ադրբեջանը: Ամիրբեկովը ճիշտ է ասում՝ Նիկոլն այդ ձևակերպումն էլ դնելու է՝ կա՛մ նոր Սահմանադրություն, կա՛մ նոր պատերազմ, բայց վատ լուր ունեմ Նիկոլի և նիկոլականների համար՝ չի անցնելու, չի՛ ստանալու նա 650 հազար «այո»»:
Նա նկատեց՝ Ադրբեջանցում անցկացվելիք COP-29-ին Հայաստանը կարող էր մասնակցել մեկ նախապայմանով՝ այն բորտով, որով Հայաստանի պատվիրակը կգնա, նրա հետ Հայաստան վերադարձվեն ռազմագերիները, Արցախի քաղաքական էլիտան:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
0Comments