Ղազախստանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել՝ կապված Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետ

Մանրամասներ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ միջոցառման ընթացքում Տոկաևը լսել է վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի, պաշտպանության, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարների զեկույցները՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված  իրավիճակի հետ: 

«Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանում տեղի ունեցածը նրանց ներքին գործն է, Ղազախստանի ժողովուրդը մտահոգությամբ ընկալեց իրավիճակը բարեկամ երկրում, որի հետ Ղազախստանն ունի աշխարհի ամենաերկար սահմանը։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը Ղազախստանի ռազմավարական գործընկերն է»,- ասվում է Տոկաեւի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում աջակցել է ՌԴ իշխանությունների՝ սահմանադրական կարգը վերականգնելու և իրենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու միջոցառումներին։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։

Ղազախստանի նախագահի խոսքով՝ ցանկացած պետության, այդ թվում՝ Ղազախստանի ներքին քաղաքականության առանցքային առաջնահերթությունը պետք է լինի օրենքի գերակայության սկզբունքը՝ որպես հասարակական կարգի ապահովման և սոցիալ-տնտեսական զարգացման հիմք։

Հանդիպման ընթացքում նշվել է երկրում ֆինանսատնտեսական կայունության, ինչպես նաև Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Նախագահը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է պատրաստ լինել արձագանքելու ճգնաժամային իրավիճակների հնարավոր սպառնալիքներին։

Անվտանգության խորհրդի նիստից հետո երկրի ղեկավարը հաստատել է կառավարության մշակած գործողությունների օպերատիվ ծրագիրը։