ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման կապակցությամբ, նաև ասել, որ ռազմական ոլորտում Չինաստանի զարգացման ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է զբաղվի իր անվտանգությանը սպառնացող վտանգներով։
Այսպիսով, նա արձագանքել է հունիսի սկզբին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Չինաստանի ռազմաօդային ուժերի համատեղ օդային պարեկությանը։
«Չինաստանն ու Ռուսաստանը գնալով մոտենում են միմյանց։ Մենք գնալով ավելի հաճախ ենք տեսնում ծովային և օդային համատեղ պարեկություն Ռուսաստանի և Չինաստանի միջև», – ասել է նա հունիսի 13-ին ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է YouTube-ով:
Բացի դրանից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ անվտանգության հարցերն այլևս տարածաշրջանային բնույթ չեն կրում, այլ դարձել են գլոբալ։ Հյուսիսամերիկյան և եվրոպական տարածաշրջանը գլոբալ մասշտաբով բախվում է սպառնալիքների, ասել է նա, քանի որ Չինաստանն ավելի ու ավելի շատ ներդրումներ է կատարում առաջադեմ ռազմական հնարավորությունների մեջ, ինչպիսիք են՝ միջուկային զենքերը:
Ելնելով դրանից՝ Ստոլտենբերգն առաջարկել է, որ դաշինքի համար կարևոր է հակազդել ՉԺՀ-ի կողմից անվտանգության հնարավոր սպառնալիքներին, ինչպես նաև պայքարել անվտանգության հետևանքների դեմ, հավելել է Gazeta.Ru-ն։
0Comments