Անհանգստություններ միշտ էլ կան, սակայն ամեն ինչ հաշվարկված է. Արծրուն Հովհաննիսյան

Զինվորների՝ բջջային հեռախոս ունենալու մասին

Դեռևս նախորդ տարվա օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով թույլատրվեց, որպեսզի ժամկետային զինծառայողներն ունենան բջջային հեռախոսներ՝ ընտանիքի անդամների և հարազատների հետ կապ պահպանելու համար։ Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն հրամանով նախատեսված էր, որ զինվորները կարող են օգտվել բացառապես ձայնագրելու, լուսանկարելու, տեսանկարահանելու, ինչպես նաև համացանցում հասանելիություն չապահովող բջջային հեռախոսներից։

Հունվարի 8-ին տեղի ունեցավ այս տարվա առաջին ձմեռային զորակոչը, որի ժամանակ ժամեկտային զինծառայողներին թույլատրվեց ցանկության դեպքում իրենց հետ զորամաս տանել նաև բջջային հեռախոսներ։

Երևույթը ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը բնութագրել էր՝ որպես այս զորակոչի առանձնահատկություններից մեկը. «Պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները, նրանք, ովքեր կցանկանան, իրենց հետ կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Կա մեկ պայման, կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ չիրականացվեն»,- ասել էր Հ. Մուրադյանը:

Ժամկետային զինծառայողների՝ բջջային հեռախոս ունենալու հնարավորության վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին, որոնց համաձայն՝ վտանգավոր է ծառայության մեջ գտնվող զինվորի համար, ով իրականացնում է պատասխանատու աշխատանք, ունենալ  բջջային հեռախոս։

Անհանգստություն էր հայտնել նաև Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ, թեև չի ցանկանում, որպեսզի ծնողներն անհանգստանան, բայց զինվորի մոտ հեռախոսի առկայությունը խիստ վտանգավոր է։

Սակայն ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հակառակ կարծիքին է։

«Եթե որևէ քայլի դիմում են, բնականաբար, այն հաշվարկված է։ Անհանգստությունն ու հաշվարկն իրար պետք չէ հակադրել, քանի որ անհանգստություն մենք միշտ ունենք։ Աշխարհում բոլորը, ովքեր օգտագործում են ռադիոսարքավորումներ, ունեն անհանգստություններ, որ իրենց կարող են լսել։ Եթե ուժային կառույցում մեկ քայլ անում են, ապա ռիսկերը, հակազդման տեխնոլոգիաները, վերահսկողության  մեխանիզմները պետք է հաշվարկեն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Աղբյուրը՝ 168.am