Շիրակի մարզի անասնահամաճարակային իրավիճակը պատասխանատուների ուշադրության թիրախում է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՍԱՏՄ-ի լրատվության բաժնից։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների եւ սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին մասնակցում էին նաեւ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը եւ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Հավաքի նպատակն էր եւս մեկ անգամ քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված պատվաստման, ինչպես նաեւ հակաանասնահամաճարակային ախտորոշիչ եւ կանխարգելիչ միջոցառումների պլանի պատշաճ իրականացման գործընթացը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը խոսել է կենդանիների նույնականացման եւ համարակալման համակարգի ներդրման ծրագրի մասին, տեղեկացրել, որ նախատեսվում է եկող տարվա ընթացքում այդ ծրագիրը կյանքի կոչել, ինչը հնարավորություն կտա կենդանիների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներն անել ավելի թիրախային ու արդյունավետ:
Հաշվի առնելով բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման միջոցառումների որոշակի թերացումները (ոչ լիարժեք փաստաթղթավորում, գրանցամատյանների անկատար վարում, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայություն)՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորել է առավել պատասխանատվությամբ վերաբերվել պատվաստումների պլանավորման ու բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման ընթացքին, չուշացնել դրանք:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաեւ անասնաբուժական անհրաժեշտ միջոցներով, մասնավորապես՝ ախտահանիչ նյութերով, արտահագուստով, թերմոճամպրուկներով եւ այլ անհրաժեշտ գործիքներով անասնաբույժների ապահովվածության, ինչպես նաեւ ՍԱՏՄ տեսուչների, մարզի համաճարակաբանների, մարզային կառույցների հետ համագործակցության հստակ համակարգի բացակայության հարցերը:
Անասնաբույժները խոսել են նաեւ իրենց համար կենսական նշանակություն ունեցող աշխատավարձերի բարձրացման խնդրի մասին, ինչի հետ կապված համայնքների ղեկավարները կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկեն: Քննարկվել են Շիրակի մարզում սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքների հետ կապված մտահոգությունները, ներկայացվել է արդեն 2020թ. Հունվարի 15-ից միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիքի օգտագործումը խթանող համալիր ծրագրի իրականացման ընթացքը:
0Comments