Իսրայելի էներգետիկայի նախարարը իր հիասթափությունն է հայտնել ծովային սահմանի դեմարկացիայի հարցով բանակցություններում ԱՄՆ միջնորդությանը համաձայնվելու Լիբանանի «անընդունակության» պատճառով: Նրա կարծիքով՝ «Հիզբոլլահը» Բեյրութի վրա ճնշում է գործադրում, փոխանցում է Reuters-ը:
ԱՄՆ հատուկ դեսպանորդ Դեւիդ Սաթերֆիլդն այցելել է Լիբանան եւ Իսրայել՝ փորձելով սկսել երկրների միջեւ բանակցությունները, որոնք պաշտոնապես պատերազմական վիճակում են 1948 թվականին Իսրայելի հիմնադրումից ի վեր:
Իսրայելը եւ Լիբանանն արդեն վաղուց չեն կարողանում համաձայնեցնել Միջերկրական ծովի արեւելյան հատվածի սահմանների դեմարկացիայի հարցը, այս խնդիրը հատուկ նշանակություն է ձեռք բերել վերջին տասնամյակում, երբ այնտեղ հայտնաբերվեցին բնական գազի մեծ պաշարներ:
Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցն ավելի վաղ հայտարարել էր, թե ակնկալում է, որ ԱՄՆ նախաձեռնած բանակցությունները կսկսվեն ամսվա ընթացքում: Չորեքշաբթի Լիբանանը պնդել էր, որպեսզի Իսրայելի եւ Լիբանանի ծովային սահմանների դեմարկացիան իրականացվի միայն առավել լայն փաթեթի շրջանակում՝ ներառելով ցամաքային սահմանը:
Ուրբաթ Շթայնիցը պակաս լավատես էր: «Լիբանանցիներն իսկապես ուզում են զարգացնել իրենց բնական պաշարները, եւ Իսրայելի հետ չլուծված վեճը խափանում է նրանց հնարավորությունները, մերը՝ նույնպես»,- հայտարարել է նա Թել Ավիվում 102 FM ռադիոկայանին, գրում է news.am:
Նա հավելել է, որ Լիբանանը նաեւ կարող է բախվել «ներքին ճնշման» հետ, նրանք «Հիզբոլլահի» առջեւ վախի ազդեցության տակ են: Նրա խոսքով՝ Լիբանանը դեռեւս չի հրաժարվել ԱՄՆ միջնորդությունից. «Մեկ շաբաթ կամ 10 օր հետո մենք վերջապես կիմանանք՝ արդյոք բանակցություններ տանող ճանապարհի՞ն ենք, թե՞ այս հարցը կհետաձգվի եւս մեկ, երկու կամ երեք տարով»:
0Comments