Ղրիմն ու Սևաստոպոլը ռազմավարական նշանակություն ունեն ամբողջ երկրի համար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
«Այսօրվա խորհրդակցությունը նվիրված է մեր երկու տարածաշրջանների զարգացմանը, որոնք լուրջ, եթե չասենք՝ ռազմավարական նշանակություն ունեն ամբողջ երկրի համար։ Դրանք են Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի հետ վերամիավորվելուց ի վեր տպավորիչ հաջողությունների են հասել բազմաթիվ ուղղություններով:
«Ռուսաստանի հետ վերամիավորման պատմական պահից ի վեր Ղրիմն ու Սևաստոպոլը իսկապես տպավորիչ հաջողությունների են հասել շատ ուղղություններով»,-հայտարարել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին դա վերաբերում է կյանքի որակին, սոցիալական ոլորտի զարգացմանը և տնտեսության բազային ճյուղերին։
Պուտինը հայտնել է, որ 10 տարվա ընթացքում Ղրիմում և Սևաստոպոլում բազմակի աճել են տարածաշրջանային ՀՆԱ-ի ծավալները, դինամիկ աճել են ներդրումների տեմպերը:
«10 տարվա ընթացքում՝ 2014-2023 թվականներին, ավելացել են համախառն տարածաշրջանային արտադրանքի ծավալները․ Ղրիմում՝ 3,7 անգամ, իսկ Սևաստոպոլում՝ 8,7 անգամ։ Նաև դինամիկ աճել են զարգացման նշանակալի նախագծերում ներդրումների տեմպերը»,-ասել է նա։
ՌԴ նախագահի գնահատմամբ՝ սպասվում է Ղրիմի և Սևաստոպոլի սեփական եկամուտների հետագա աճ:
«Կարևոր է նաև այն, որ զգալիորեն ավելացել են նաև մարզային բյուջեների սեփական եկամուտները 2014 թվականի համեմատ՝ Ղրիմի Հանրապետությունում՝ 5 անգամ, իսկ Սևաստոպոլում՝ 4,5 անգամ։ Արդյունավետ աշխատում է ազատ տնտեսական գոտու մեխանիզմը, ընդ որում՝ ներգրավված ներդրումների ծավալը թույլ է տալիս նաև մարզերի սեփական եկամուտների հետագա աճ ակնկալել»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ղրիմին և Սևաստոպոլին զգալի միջոցներ են հատկացվում, պետք է խստորեն վերահսկել դրանց օգտագործումը:
«Զգալի միջոցներ են հատկացվում, որոնք պահանջում են նախանձախնդիր, պատասխանատու վերաբերմունք, դրանց նպատակային օգտագործման նկատմամբ խիստ վերահսկողություն»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ Մոսկվայի համար Ղրիմի հարցը փակված է, իսկ թերակղզում կայացած հանրաքվեն անցկացվել է միջազգային իրավունքին խիստ համապատասխան:
Ղրիմում հանրաքվեն կայացել է 2014 թվականի մարտին, բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ վերամիավորմանը:
0Comments