Խմիչք արտահանող ընկերությունները կազատվեն 55 և 1 տոկոս հարկային բեռից՝ Չինաստան արտահանելու դեպքում, ինչը հնարավորություն կտա ավելի մատչելի տարբերակ առաջարկել գործընկերներին՝ լայն հնարավորությամբ դուրս գալով ասիական շուկաներ: Այսօր՝ Շանհայում կայացած «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսի մասնակցության արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:
«Այս տարի երկրորդ անգամ էր Չինաստան Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի այցը. առաջին այցի շրջանակներում մենք կնքեցինք երկկողմանի հուշագրեր երեք քաղաքների (Պեկին, Չանգչունգ, Նինգբո) նահանգային և քաղաքային իշխանությունների հետ, որը հիմնավորում էր հայկական արտադրանքի արտոնյալ արտահանումը տվյալ տարածքների ազատ գոտիներ:
Հաջորդ մեր այցը տեղի ունեցավ նոյեմբերի 5-10-ին, որը պայմանավորված էր միջազգային ամենախոշոր ցուցահանդեսին մասնակցությամբ: Սա Չինաստանի ամենախոշոր ցուցահանդեսն է, որն իրականացվում է ամեն տարի՝ Սի ՍինՊինի բարձր հովանու ներքո»,-ասաց Մանուկյանը:
Ցուցահանդեսին մասնակցել է 158 երկիր. «Հայաստանը ներկայացել էր երկու տաղավարով՝ ազգային և կոմերցիոն: Մինչ մեր մեկնելը կառույցը բանակցել էր խոշոր մատակարար ընկերությունների հետ, որի շրջանակներում ընկերությունները հնարավորություն ունեցան B2B network հանդիպումներ ունենալ այդ խոշոր ընկերությունների հետ, և, որն ամենահատկանշականն է, մենք՝ որպես միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ, հուշագիր կնքեցինք հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ, որը հնարավորություն կտա այսուհետ Հայաստանի և Չինաստանի միջև ավելի լայն գործառույթներ իրականացնել, ինչպես ներդրումային ծրագրերի ապահովման մասով ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանում։
Այժմ քննարկվում է այդ կառույցի հետ հայկական արտադրանքից որոշակի քանակություն արտահանելու հարցը, դեռևս փոքր քանակություններ կլինեն շուկան հասկանալու համար, այնուհետև ծավալները կմեծացնեն»,- հայտարարեց նա:
Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային տաղավարում 20-ից ավելի ընկերություններ էին ներկայացված, իսկ կոմերցիոն տաղավարում՝ 10-ից ավելի ընկերություններ:
«Մենք շեշտը դրել էինք այս անգամ փոքր արդյունաբերական ճյուղերի վրա և լայնածավալ ոլորտներն էին ներկայացված, օրինակ՝ խմիչք, ոգելից խմիչքներ, գինեգործություն, քաղցրավենիք, պահածոյագործություն և այլն։
Հաջորդ տարի նախատեսվում է չինացի գործարարների այց Հայաստան, ինչը նշանակում է չինական ապրանքանիշերի մուտք Հայաստան. տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, ավտոարտադրություն և այլն: Հայտնի է, որ Չինաստանը վերջին մի քանի տարիներին մեքենաների արտադրությամբ համաշխարհային շուկայում գրավել է երրորդ տեղը, և սա լայն հնարավորություն կտա Հայաստանին ներկայացնելու այդ ավտոշուկաների բրենդները Հայաստանում, նաև մրցակցության դաշտ ստեղծելով ԱՊՀ երկրների համար։
Քննարկումների արդյունքում եկել ենք այն հայտարարի, որ անհրաժեշտություն կա ստեղծել հայ-չինական բարեկամական հաստատություն, շենք, որտեղ ներկայացված կլինի Չինաստանը իր լայնածավալ ուղղություններով, ինչպես մշակույթային, այնպես էլ պահեստային ֆոնդերով, չինական ապրանքներով, նաև ցուցահանդեսային առանձին տաղավարներով։
Այն ընկերությունները, որոնք մասնակցում էին կոմերցիոն հատվածում, լիարժեք հնարավորություն են ստացել փոքր քանակությամբ արտադրանք արտահանելու, դրանք չիր, քաղցրավենիք արտադրող, ոգելից խմիչքներ ներկայացնող, նաև գինեգործական ընկերություններն էին: Փոքր քանակություն ասելով հասկանում ենք 300 հազար յուան, դա մոտավորապես 20 հազար դոլարից ավելի գումար է կազմում»,- հայտարարեց Մանուկյանը:
0Comments