ԱՄՆ-ն պետք է բացահայտի իր կենսալաբորատորիաների տվյալները․ ՌԴ-ում Չինաստանի դեսպանատուն

Մանրամասներ
4

Վաշինգտոնը պետք է դադարեցնի այլ երկրների հասցեին անհիմն մեղադրանքները և բացահայտի ամբողջ աշխարհում սեփական կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին տվյալները: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյույը՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ ԿՀՎ-ն հակված է Ուհանից COVID-19 լաբորատոր արտահոսքի վարկածին։

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է «դադարեցնի կեղծ մեղադրանքներն ու այլ երկրներին վարկաբեկելը» և պատասխանատվություն ստանձնի իր գործողությունների համար:

Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը պետք է «հնարավորինս շուտ պատասխանի միջազգային հանրության հարցերին, ԱՀԿ-ին փոխանցի վարակման վաղ դեպքերի մասին տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ բացահայտի Ֆորտ Դետրիկ լաբորատորիայի և ԱՄՆ-ի այլ կենսաբանական օբյեկտների աշխատանքի մասին ամբողջ աշխարհում»:

Հիշեցնենք, որ2021-ին Չինաստանի ԱԳՆ-ն արդեն ԱՀԿ-ին կոչ էր արել դիտարկել Ֆորտ Դետրիկ ռազմական լաբորատորիայից (Մերիլենդ նահանգ) կորոնավիրուսի հնարավոր արտահոսքի վարկածը, որը գտնվում է Պենտագոնի ենթակայության տակ և զբաղվում է վարակիչ հիվանդությունների հետազոտություններով:

Ինչպես ավելի վաղ գրել էր The New York Times թերթը, ԿՀՎ-ն մի քանի տարի շարունակ հայտարարել է, որ չունի հավաստի տվյալներ այն մասին՝ արդոք համաճարակը բռնկվել է բնական, թե լաբորատոր արտահոսքի պատճառով: Պարբերականի տվյալներով՝ գերատեսչության դիրքորոշման փոփոխությունը կապված է ոչ թե նոր հետախուզական տվյալների, այլ արդեն առկա տեղեկատվության ավելի մանրամասն վերլուծության հետ։