Հատուկ օպերացիա՝ Երևանում. բերման ենթարկվածների մեջ է նախկին պատգամավոր, նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին

Մանրամասներ
4

Երևանի քրեական ոստիկանները հերթական զենք-զինամթերքի հայտնաբերումն են իրականացրել Երևանի կենտրոնում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութի փողոցների խաչմերուկում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և մեկ այլ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող անձանց մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի:

Ոստիկանները նշված փողոցների խաչմերուկում հայտնաբերել են այդ ավտոմեքենաները և նրանց տեղափոխել ոստիկանության Երևանի քրեական վարչություն:

Բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մանուկյանը, Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Բարսեղյանը, Ուկրաինայի քաղաքացի 36-ամյա Դենիս Նեգուլյաևը, Երևանի բնակիչներ, 53-ամյա Սեյրան Դադասյանը, 45-ամյա Էրիկ Բեգլարյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Լավրենտի Վարդանյանը և 35-ամյա Արայիկ Հովսեփյանը:

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դ. Նեգուլյաևի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ «ԻԺ» մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 1 հատ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփուշտատուփ՝ 9 փամփուշտով և 1 հատ 7 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, որը, ըստ վերջինիս հայտարարության, պատկանում է Դ. Մանուկյանին:

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերված զենքերի վերաբերյալ Դ. Մանուկյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, իսկ նա Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, ով ԱԺ նախկին պատգամավոր է, եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2017-2019 թվականներին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ: