ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը` ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանում։
Է. Շարմազանովը գրել է.
«Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի Աանվտանգության Խորհրդի (ԱԽ) 4 բանաձևերի մասին։
Քանի որ նիկոլիստներն ամբողջությամբ վեր են ածվել Ալիևի քարոզիչների թիմի, ներկայացնում եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը` ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանում։
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ ներկայացնում է ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունած 4 հայտնի բանաձևերի իրական բովանդակությունը։
Նա նշում է.
« Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Խոսելով Լեռնայի Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:
Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը:
Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:
Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման:
Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում:
Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:
Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:
Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ:
Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերևարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում»,-ասված էր ելույթում։
Նախագահ Սարգսյանը փաստերով պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը 4 բանաձևերի մասին՝ ապացուցելով, որ հենց Ադրբեջանն է դրանք խախտել ու խախտում։
Որևէ մեկն Ադրբեջանին իրավունք չէր տվել ուժ գործադրել ու էթնիկ զտում իրականացնել Արցախի ժողովրդի նկատմամբ։
Այդ ամենը հակասում է հենց ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի ոգուն։
Ու այսքանից հետո նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիևի հանցավոր քայլերը Ադցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձևերի առկայությամբ։
Սա ուղղակի տգիտության և ադրբեջանահպատակության հերթական վառ օրինակն է։
Բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան»…»:
0Comments