Լիբանանի Նաքուրա քաղաքում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների դիրքերը հերթական անգամ հարձակման են ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, որի հետևանքով ևս 2 խաղաղապահ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Նման միջադեպ էր տեղի ունեցել նաև հոկտեմբերի 10-ին, երբ Իսրայելի հարվածից վիրավորվել էր ՄԱԿ-ի 2 խաղաղապահ։
Հոկտեմբերի 11-ին, ըստ Reuters-ի, ՄԱԿ-ի խաղաղապահների դիտաշտարակի վրա կրակ է բացել իսրայելական տանկը, որի հետևանքով աշտարակն ընկել է։Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ տեղյակ են միջադեպի մասին և հետաքննում են տեղի ունեցածը։
Հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել էր, որ Իսրայելը UNIFIL-ին խորհուրդ է տալիս տեղափոխվել 5 կմ դեպի հյուսիս՝ «մարտերի սաստկացման ընթացքում վտանգից խուսափելու համար»։
Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Բեյրութին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Վաֆիկ Սաֆային։ Իսրայելական հարվածից Լիբանանի մայրաքաղաքում զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 117-ը։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին բազմաթիվ արկեր է արձակում Իսրայելի վրա։Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները և նպատակ ունի անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ 2023 թ. հոկտեմբերից իսրայելական հարվածներից Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2100-ը, վիրավորների թիվը՝ 10 100-ը։ Իսկ սեպտեմբերի 23-ից Լիբանանում զոհվել է ավելի քան 1320 մարդ, վիրավորվել՝ շուրջ 3700-ը։ Վերջին շաբաթներին ավելի քան 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։
0Comments