Ճարպակալումը կարող է բարձրացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը. Eclinical Medicine

Մանրամասներ
ճարպակալում գիրացում չաղ

Օսակայի համալսարանի (Ճապոնիա) գիտնականների հետազոտությունների արդյունքների համաձայն՝ մետաբոլիկ համախտանիշը (ճարպակալում, դիաբետ, ինսուլինի հանդեպ ռեզիստենտություն եւ նյութափոխանակության խանգարում) կապված է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Eclinical Medicine-ում։

Հետազոտությունում օգտագործվել են 4 մլն 600 հազար 443 մարդու տվյալները, որոնք օգտվել են բժշկական ապահովագրության ծառայություններից Ճապոնիայում։ Տեղեկությունը տրամադրվել է բժշկական տվյալների ճապոնական կենտրոնի կողմից։ Գիտնականներն ուսումնասիրել են փորձարկվողների առողջական վիճակի տվյալները, նրանց ընտանեկան անամնեզը եւ նշանակված թերապիան։ Հետազոտողները պարզել են նաեւ այն գործոնները, որոնք ազդել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հիվանդացության վրա։

Մասնակիցներին հետեւելու ընթացքում, որը տեւել է 41 ամիս, 87 857 մարդու մոտ առաջացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Պարզվել է, որ մետաբոլիկ համախտանիշով (ՄՀ) տառապող պացիենտների մոտ այդ հիվանդությունն ավելի հաճախ է ախտորոշվել։ Ճապոնիայում ՄՀ չափորոշիչները ենթադրում են կանանց մոտ գեր իրանի առկայություն, որի շրջագիծը կազմում է ավելի քան 85 սանտիմետր։ Տղամարդկանց համար առավելագույն թույլատրելի մեծությունը 90 սանտիմետրն է։ Բացի այդ, մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդու մոտ պետք է իջած լինի բարձր խտությամբ լիպոպրոտեինների մակարդակը արյան մեջ, բարձր պետք է լինի արյան ճնշումը եւ դատարկ ստամոքսին գլյուկոզայի մակարդակը։

Հետազոտողները նշել են, որ ՄՀ բուժումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխման տարբերակ կարող է ծառայել։