Ռուսաստանը կոռումպացրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին. Լեհաստանը մտադիր է փաստաթղթեր հրապարակել

Մանրամասներ

Լեհաստանը մտադիր է փաստաթղթեր հրապարակել Եվրախորհրդարանի պատգամավորների վրա Կրեմլի կոռուպցիոն ազդեցության մասին։ Այս մասին, ըստ Լրագրի, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին i.pl-ին տված հարցազրույցում։

«Այսօր մենք գիտենք, որ ռուսական հետքեր են հայտնվել նաև Եվրախորհրդարանի պատգամավորների կոռուպցիայի մեջ: Մեր ՆԳ նախարարը շուտով կհրապարակի փաստաթղթեր ռուսական ծառայությունների ազդեցության մասին, որոնք կոռումպացրել են Եվրախորհրդարանի պատգամավորներին», – ասել է Մորավիեցկին:

Մորավիեցկու խոսքերով, շատ եվրոպացի քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվիստներ և լրագրողներ անգիտակցաբար դառնում են ռուսական քարոզչության խոսափողը։ Այս համատեքստում նա նշեց անօրինական միգրանտների հոսքերով Լեհաստանի սահմանի վրա հարձակվելու Բելառուսի փորձերը։ Լեհաստանի իշխանությունները բազմաթիվ քննադատությունների են արժանացել այն բանի համար, որ նրանք ճնշել են լեհ-բելառուսական սահմանով երկիր անօրինական ներգաղթյալների մուտքի փորձերը։

«Դա փորձ էր խաթարել Եվրամիության ամբողջականությունը, ինչպես նաև փորձ էր ապակայունացնել Լեհաստանը, որպեսզի երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, մենք այլևս չկարողանանք ընդունել ուկրաինացի փախստականներին: Այս փորձը ձախողվեց, բայց, ցավոք, դեռ կան լրագրողներ և քաղաքական ընդդիմության կողմում գտնվող ակտիվիստներ, ովքեր դա չեն հասկանում»,- ասել է Մորավիեցկին։