Երեկ մեկնարկել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնական այցը Հայաստան։
Ազատության փոխանցմամբ՝ Դուդան այսօր կայցելի հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ «Ծիծեռնակաբերդ», ապա կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նախագահները նախ առանձին հանդիպում կունենան, ապա բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով, իսկ վերջում կհանդիպեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Օրվա երկրորդ կեսին Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն է. ասել է Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավյակը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք, որ այն շուտով կավարտվի», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Պավլակն՝ ընդգծելով՝ որ երկու շաբաթ առաջ Դուդան Բաքվում մասնակցել է COP29 համաժողովին, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և խաղաղության գործընթացը։
«Այժմ հայկական կողմի հետ խոսելու ժամանակն է», - ասել է նախարարը՝ չմանրամասնելով ադրբեջանական կողմի հետ տեղի ունեցած զրույցները։
«ԵՄ ընդլայնումը Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է»
Ընդգծելով, որ հունվարից Լեհաստանն է նախագահելու ԵՄ Խորհրդը՝ Պավլակը՝ շեշտել է՝ ԵՄ ընդլայնումը Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է:
«Հայաստանը չի ձգտում անդամակցել ԵՄ-ին, սակայն վերջին տարիներին շատ ավելի բաց է դարձել Արևմուտքի և ԵՄ-ի հետ համագործակցության համար, և Լեհաստանի նախագահությունը կամրապնդի այդ միտումը», - նշել է նախարարը։
Սա Լեհաստանի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 13 տարվա ընթացքում։
Վաղը՝ նոյեմբերի 27-ին Դուդան կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
0Comments