Կիևը չի պատրաստվում օգտագործել «կեղտոտ ռումբ». Ուկրաինան արձագանքեց Շոյգուի մտահոգությանը

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր տեսաուղերձում ասել է, որ միայն Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել Արևելյան Եվրոպայում։ Այսպիսով, Ուկրաինայի ղեկավարը մեկնաբանել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը «կեղտոտ ռումբի» մասին, որը, ըստ Շոյգուի, նախատեսում է օգտագործել Ուկրաինան։

Զելենսկու խոսքով՝ «աշխարհը պետք է հնարավորինս կոշտ արձագանքի» զանգվածային ոչնչացման զենքի ցանկացած կիրառմանը։

«Եթե Ռուսաստանը պատրաստել է խաղադրույքների ևս մեկ բարձրացում և էսկալացիայի հերթական քայլ, ապա նա պետք է տեսնի, որ աշխարհը դա չի կուլ տա»,- ասել է Զելենսկին։

Մինչդեռ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում օգտագործել «կեղտոտ ռումբ»։ Նա անհեթեթ է անվանել մեղադրանքներն առ այն, թե Ուկրաինան կարող է նման զենք կիրառել։

 Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել։ Շոյգուն խոսել է Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» (ցածր թողունակության միջուկային զենք) օգտագործմամբ հնարավոր սադրանքների մասին։

Օսթինը պաշտպանության չորրորդ նախարարն է, որի հետ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Սերգեյ Շոյգուն խոսել է «կեղտոտ ռումբի» մասին։ Նախքան այդ Շոյգուն նույն թեմայի շուրջ զրուցել էր իր բրիտանացի, ֆրանսիացի և թուրք գործընկերների հետ:

Այսօր՝ հոկտեմբերի 23-ի առավոտյան, ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը հոդված է հրապարակել, որում, հղում անելով «տարբեր երկրների վստահելի աղբյուրներին», ասվում է, որ Ուկրաինան, իբր, սադրանք է նախապատրաստում «կեղտոտ ռումբի» պայթեցմամբ, իսկ հետո ծրագրում է դրա համար մեղադրել Ռուսաստանին։

«Կեղտոտ ռումբը» ռադիոլոգիական զենքի ամենապարզ տարբերակն է։ Նման ռումբի գործարկման ժամանակ հիմնական վնասը ոչ թե պայթյունի, այլ ռադիոակտիվ նյութի ցողման հետևանքով է։ Երբ նման ռումբը պայթում է, այն ռադիոակտիվ նյութեր է արձակում։ Փորձագետները «կեղտոտ ռումբի» տեսակներից մեկն անվանում են ռադիոակտիվ նյութեր օգտագործող ոչ ռազմական օբյեկտների պայթեցումը։