Լավ է ձեզ համար, որ ես գնամ. Որովհետև, եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Խաչվելուց առաջ Հիսուսն իր աշակերտներին ասաց՝ «լավ է ձեզ համար, որ ես գնամ. Որովհետև, եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա» (Հով 16:7): «Մխիթարիչի» մասին Հիսուսը բազմիցս է խոսում` Հովհաննեսի ավետարանում մի քանի գլուխ է «Մխիթարիչին» նվիրված: Հիսուսը պնդում էր, որ միայն իր խաչվելուց հետո Մխիթարիչը կարա գա:

Այսօր` Ավագ ուրբաթ օրը, Հուդան մոտենում և համբուրում է Հիսուսին, հուշելով Տաճարի քրմերին, որ հենց նա է իրենց թիրախը: Հիսուսին ձերբակալում են ու փորձում մահապատժի ենթարկել, բայց քանի որ հռոմեացիք արգելել էին հրեաներին որևիցէ մեկին ինքնուրույն մահապատժի դատապարտել, քրմերը Հիսուսին տանում են Հռոմի նահանգապետ Պիղատոսի մոտ: Պիղատոոսը փորձում է հարցաքննել Հիսուսին, բայց ոչ մի հարցին պատասխան չի ստանում ու դրա հիման վրա հայտարարում է, որ Հիսուսին խաչելու պատճառ չի տեսնում: Քրմերն այնուամենայնիվ հասնում են իրենց ուզածին` Պիղատոսը լվանում է ձեռքերը, Հիսուսը խաչվում է:

Հիսուսին խաչելուց մոտ 30 տարի անց Հրեաստանում արյունալի ապստամբություն է բռնկվում: Համարվում է, որ ապստամբության համար կայծ է հանդիսանում Հակոբոսի սպանությունը: Հակաբոսը Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր ու հայտնի էր «Տիրոջ եղբայր» անունով: Բուն ապստամբությունը իրագործում են` այսպես կոչված «չորրորդ աղանդի» ներկայացուցիչները (նրանք հայտնի էին նաև «Զելոտ» անունով): Զելոտները Հռոմի ու տաճարի փարիսեցի քրմերի դեմ պայքարող հրեա ազգայնականների ամենաարյունարբու ճյուղն էին: Զելոտների շարքում առանձնանում էր Մանահեմը, ով հայտնի էր օրինակ նրանով, որ մի ամբողջ հռոմեական գարնիզոն էր կոտորել` ի թիվս բազմաթիվ այլ ահաբեկչական գործողությունների:

Այնքան դաժան էր Մանահեմն ու իր խումբը, որ Հռոմի երեք կայսրեր հրահանգում են գտնել և ոչնչացնել Դավթի տոհմի բոլոր զավակներին և նախևառաջ քանդել Դավթի տաճարը: Տաճարի փլուզումից անմիջապես հետո քրմերը ստեղծում են «բիրկատ հա մինիմ»-ը, որը հատուկ գրված անեծք էր «հերետիկոսներին», ում պատճառով քանդվեց տաճարը: Անեծք, որը հրեաները պարտավոր են ամեն օր կրկրնել առօրեական աղոթքի հետ: Բնական է` քրմերը հերետիկոս էին համարում Հիսուսի հետևորդներին, էդ «մինիմը» քրիստոնյաներն էին: Ապստամբության պատճառով Հերաստանը փաստացի ոչնչանում է իր ժողովրդով հանդերձ: Դե, իսկ Հիսուսի հետևորդները գրավում են աշխարհը:

Իմիջիայլոց, արամեերեն Մանահեմ թարգմանաբար նշանակում է «մխիթարիչ»...

Արթուր Դանիելյան