Կլինի քաղաքական որոշում, կենթարկվենք ցանկացած որոշման. Վանեցյան

Ես արդյունավետ համարում եմ այն, ինչ որոշում կընդունի ԱԺ-ն

Առաջիկայում Ազգային ժողովում քննարկումներ կլինեն Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայության տակ գործելու հարցով, կտեսնեք: Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե ո՞ր տարբերակն եք ավելի արդյունավետ համարում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես արդյունավետ համարում եմ այն, ինչ որոշում կընդունի ԱԺ-ն»:

Դիտարկմանը, որ վարչապետի ենթակայության տակ գործելու դեպքում ավելի կաշկանդված չե՞ն լինի ուժային կառույցները, քան կոլեգիալ մարմնի՝ կառավարությանը կամ ԱԺ-ին ենթարկվելու դեպքում, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Դա իմ քննարկելու հարցը չէ: Ես իմ կարծիքը չեմ ուզում այդ հարցով հայտնել: Կլինի քաղաքական որոշում, կենթարկվենք ցանկացած որոշման»: