Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին ժամանակ է տվել ուսումնասիրելու նյութերը, սակայն մերժել է համատեղել նրա գործը մյուսների հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել: Վարդանյանը հայց էր ներկայացրել այդ որոշման դեմ։
«️Երկրորդ միջնորդությունը՝ լրացուցիչ ժամանակ տալ գործի նյութերն ուսումնասիրելու համար, բավարարվել է, տրվել է 10 օր ժամանակ»,–հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ️
Հավելենք, որ Բաքվում հայ գերիների դատավարության ընդհանուր գործի քննությունը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը, իսկ Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին։
0Comments