Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել․ Միքայել Սրբազան

Մանրամասներ
աջապահյան

Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել։ Ի բնե իմ հանգամանքից և ծառայությունից ելնելով որևէ խորհրդի կազմում լինել չեմ կարող, բայց նմանատիպ բազմաթիվ խորհուրդներ կարող եմ օգնել, օժանդակել իմ հոգևոր խոսքով, հոգևոր խորհրդատվությամբ»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Քաղաքական գործունեությամբ ոչ ցանկություն ունեցել եմ զբաղվել, ոչ էլ ունեմ։ Ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականները, ակտիվ եմ գնահատականներ հնչեցնելու, վերլուծություններ անելու, կարծիքներ հայտնելու մեջ, բայց քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվելու, որևէ կառույցի չեմ կարող միանալ, չեմ միանալու, բայց ցանկացած կառույց, եթե ինձ դիմում է, ես իրեն կարող եմ օգտակար լինել՝ իմ հոգևոր խորհրդատվությամբ։ Իմ ներկայությունն այնտեղ այդքանով է»,- նշե։ է  Միքայել Սրբազանը՝ ընդգծելով. «Ես որևէ մեկին չեմ միացել, ընդհակառակը՝ իրենք են ինձ միացել։ Իրենք ասել են, որ կիսում են իմ համոզումները, իմ ելույթները լսում են, համաձայն են իմ ասածների հետ, խնդրում են իմ՝ աջակցություն չասեմ, սատարում էլ չասեմ, խնդրում են իմ հոգևոր օժանդակությունը, հոգևոր խորհրդատվությունը։ Ես էլ ասել եմ՝ սիրով, եթե կարող եմ օգտակար լինել, կլինեմ։ Այդ Ազգ-Բանակ-Եկեղեցի կոնցեպտի իրականացման մեջ պատրաստ եմ օգտակար լինել, բայց որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ»։

Իսկ թե արդյո՞ք Վեհափառի հետ քննարկում եղել է՝ Միքայել Սրբազանը նշել է, որ Վեհափառի հետ քննարկելու անհրաժեշտություն չի եղել․ «Ես իմ լիազորություններից դուրս որևէ բան չեմ արել, որ Վեհափառի հետ քննարկելու անհրաժեշտություն լինի, իսկ Վեհափառը ցանկացած պահի էլ կարող է իր կաթողիկոսական բարձրությունից տնօրինություն անել, ինչի՞ մասին է խոսքը»։

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման՝ ընդհատակ անցնելուն, հարցին՝ ի վերջո, հնարավոր է, որ հոգևոր առաջնորդությամբ կամ հոգևոր խորհրդատվությամբ հնարավոր կլինի հանրությանը սթափեցնել՝ Միքայել Սրբազանը պատասխանեց․ « Չգիտեմ՝ հնարավոր կլինի, թե ոչ, բայց փորձում ենք։ Մարդիկ ուզում են ինչ-որ բան արած լինել, մենք չենք խանգարում, փորձում ենք օգտակար լինել։ Այդքան բան։ Չեմ կարող ասել՝ կհաջողվի, թե՝ ոչ։ Չի կարելի միանշանակ ենթադրել, որ հաջողություն կլինի»։

Երեկ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը տարածել էր իր նկարը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ ու հայտնել «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։

«Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ։ Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և ամենուր առաջ տանելու Հայաստանի պետական շահը։ Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Եվ այսպես, «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է ԱզգԲանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը»,- նշված է հայտարարության մեջ։