Բաքվում ճնշում են գործադրում Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար, քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի, նրա փաստաբանի ու թարգմանչի վրա՝ ստիպելով ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Այս մասին միջազգային հանրությանն ուղղված բաց նամակում ահազանգում է Ռուբեն Վարդանյանը։
Նա պաշտոնապես հայտարարում է՝ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր չի տվել ոչ մի ցուցմունք, միայն առաջին հարցաքննության ժամանակ պարզապես ասել է իր անուն-ազգանունը:
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ: Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին, և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը»,- նշում է Վարդանյանը։
Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում է արդեն ավելի քան 470 օր․ դրանցից 340-ն անցկացրել է մենախցում, 23-ը՝ պատժախցում:
Շեշտում է՝ սպառել է իր հետ կատարվողի մասին ճշմարտությունը տեղ հասցնելու բոլոր այլ միջոցները:
Հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, նշանակված է Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը: Նրան առաջադրվել է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
«Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը: Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին»,- ասում է Վարդանյանը։
Նա միջազգային հանրությունից խնդրում և պահանջում է աջակցել, որ իրեն ու իր փաստաբանին հնարավորություն տրվի լիարժեք պատրաստվել պաշտպանության, մասնավորապես, ժամանակ և հնարավորություն տրվի գործի նյութերին ծանոթանալ ռուսերենով, ինչպես նաև ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբևէ չեն անցկացվել։
Ռուբեն Վարդանյանը նաև պահանջում է իր և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արցախի նախկին պետնախարարը պահանջում է իր գործը միավորել մյուս մեղադրյալների գործերի հետ, քանի որ իր 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորներն ընդհանուր գործի էպիզոդներ են: Ըստ Վարդանյանի՝ դրանից միայն 6-ն է վերաբերում իր նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին:
«Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է: Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը` ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում»,- շեշտում է Ռուբեն Վարդանյանը։
Ամփոփելով խոսքը՝ նա հավելում է՝ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:
0Comments