Երկար տարիներ ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը պաշտպանած մարդիկ այսօր մեր աջակցության կարիքն ունեն

Մանրամասներ
ռուբեն վարդանյան

Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն աջակցություն է հայտնել  Բաքվում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին՝ կոչ անելով համախմբել ուժերը հաջակցություն նրանց:

«Այսօր Բաքվում սկսվում է անցյալ տարվա սեպտեմբերին կալանավորված Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ առանձին գործընթացը։

Բոլորի՝ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանի ղեկավարության, ձերբակալվածների ընտանիքների և հենց բանտարկյալների համար ակնհայտ է, որ այս գործընթացը ցուցադրական է։ Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող անտարբեր մնալ: Այսօր ցանկանում եմ դիմել հանրության ամենալայն շրջանակին՝ որպես սփյուռքի անդամ, քաղաքացի, ընկեր, հայ և պարզապես հոգատար մարդ՝ արդարության կոչով», - նշել է գործարարը։

 Նա հիշեցրել է, որ շուրջ 500 օր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված պաշտպանության, հաղորդակցվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Գործարարի խոսքով՝ նրանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք խախտում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները։

«Այս մարդիկ, որոնք երկար տարիներ պաշտպանել են իրենց ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը, այսօր իրենք ունեն մեր աջակցության և պաշտպանության կարիքը։ Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին ապահովել այս մարդկանց արդարության օրինական իրավունքը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր հայրենակիցներին աջակցելու և դժվար պահերին նրանց կողքին գտնվելու ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը տուն դառնա արդարության և մարդկության հաղթանակի խորհրդանիշ», - ասված է հայտարարությունում։