Վերջին հրապարակված սոցհարցումներով իշխանությունն ունի 16%, սակայն իմ ունեցած տվյալները մի քիչ տարբերվում են, այսօր իշխանության իրական վարկանիշը 13% է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը:
«Միևնույն ժամանակ ընդդիմության վարկանիշը ավելի ցածր է, թեև ի հայտ են գալիս նոր ուժեր: Եթե ավելի խորը նայենք ու որակական հետազոտությունների հիման վրա վերլուծություններ կառուցենք, թվեր չեն ստացվի, բայց կստացվի այն պատկերը, որը կարող է լինել ընտրությունների ժամանակ։
Այսօր ամենապոպուլյար կուսակցությունը Նիկոլին մերժող կուսակցությունն է։ Այս կուսակցությունն ունի 65+ տոկոս։ Այնտեղ կա հատված, որ շատ ակտիվ է, կա հատված, որ հնարավորություն չունի դրսևորելու իրեն, բայց այնուամենայնիվ այդ հատվածը ամենամեծն է: Դա թիվ մեկ կուսակցությունն է, որը թեեւ միասնական ձևավորված չէ, բայց միաժամանակ ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունը տարբեր շապիկներով հավաքելու է այն քանակությամբ ձայնը, որը իրենք ունեն։
Կլինեն 5-6 կուսակցություններ, որոնք կմիավորվեն խորհրդարանում, բայց մինչև այդ չեն միավորվի, տարբեր սյուներով կգնան, և, ի վերջո, խորհրդարանում իրենց թիվ մեկ խնդիրը կլինի իշխանությանը տապալելը, ինչն իրենք կանեն: Գործադիր իշխանությունը կփոխվի, կձևավորվի նոր գործադիր իշխանություն: Նրանք ՔՊ-ին վռնդելու են գործադիր իշխանությունից։ Այդ ուժերի միասնական նպատակը լինելու է ՔՊ-ին ու կոնկրետ վարչապետին իշխանությունից վռնդելը:
Այսինքն, եթե դու ուզում ես ընտրվես ու դառնաս խորհրդարանի հատված, դու պիտի Նիկոլին դեմ լինես, հակառակ դեպքում դու խորհրդարան չես անցնի, քանի որ թիվ մեկ կուսակցությունը, դա Նիկոլին մերժող կուսակցությունն է։ Ու թեև ՔՊ-ն ունի ավելի բարձր վարկանիշ, քան մնացած բոլորը, բայց առանձին-առանձին հասարակական տրամադրություններն իրենց դեմ են»,- հայտարարեց Արթուր Պարոնյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր խորհրդարանում կլինեն նոր կոնֆիգուրացիաներ:
Նրա կանխատեսմամբ, առաջնային օրակարգը լինելու է արտաքին քաղաքականությունը:
Հարցին՝ հանրության տրամադրություններն ավելի շատ եվրոպամետ ուժերի կողմն է, թե՞ ռուսամետ, սոցիոլոգը պատասխանեց. «Վերադառնանք այն թվերին, որոնք որ տպվել են, ընդ որում դրանք պրոիշխանական թվեր են։ Ըստ այդ թվերի, 50%-ը կողմ է ԵՄ-ին, բայց բացահայտելուց մենք ստանում ենք շատ հետաքրքիր պատկեր, որ կարևորագույն խնդիրը մարդկանց համար Հայաստանում անվտանգությունն է: Վիզաները հետաքրքրում է 11%-ին։ Այսինքն մաքուր եվրոպամետ կուսակցությունը իմ թվերով 8% է կազմում, բայց կլորացնենք, ասենք 10%։ Մնացած 40 տոկոսը ԵՄ-ից սպասում է անվտանգություն: Կարո՞ղ են իշխանությունները համոզել, որ ԵՄ-ն տալու է անվտանգություն։ ԵՄ-ն անվտանգություն ապահովող կառույց չէ, եւ դա պայթելու է փուչիկի պես։
Այստեղ փորձենք նայել հակառակ կողմից, հանրության քանի՞ տոկոսն է Ռուսաստանից տարբեր պատճառներով նեղացած կամ թշնամացած: Իրենց թվերով, Ռուսաստանը արտաքին քաղաքական վտանգ կամ պրոբլեմ համարում է հանրության 26%-ը: Իրենց իսկ հարցումները ցույց են տալիս, որ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, պրոգրեսիայով շատանում է ռուսական հատվածը։
Պրոռուսական հատվածը նույնպես մոտավորապես 10% է: Այսինքն մոլի ռուսամետները այնքան են, ինչքան որ մոլի արևմտամետները։ Հիմնական մասը հասարակության ուզում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, դրա մեծ մասը շեշտը դնում է առաջին հերթին Ռուսաստանի վրա։
Կարևորագույն խնդիրը նա է, որ Ռուսաստանից անջատվելու այդ մոլեգին, հիմար միտքը հասարակության ճնշող մեծամասնության համար խորթ է։
Իհարկե մարդիկ չեն ուզում, որ գազի կախվածություն ունենան, ասենք, Ադրբեջանից։ Մարդիկ չեն ուզում, որ ատոմակայանը փակվի ու վերադառնան 90-ական թվականները։ Մարդիկ հասկանում են, որ 12 միլիարդ դոլար արտաքին առևտուրը Ռուսաստանի հետ է, ոչ թե Ադրբեջանի հետ։ Հետեւաբար, դու նեղացած ես եղել Ռուսաստանից, թե ոչ, ռեալ գետնի վրա մարդիկ շատ պարզ հասկանում են, որ այդ հակառուսական մոլի քաղաքականությունը վնասից բացի որևէ բան չի բերելու»,- հայտարարեց նա:
0Comments