Ռուսաստանի և Իրանի միջև այսօր ստորագրվող համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը խթան կհաղորդի բոլոր ուղղություններով գործնական համագործակցությանը․ այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
«Ձեր այսօրվա այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք ոչ միայն հնարավորություն կունենանք քննարկել մեր համագործակցության բոլոր ուղղությունները, այլև կստորագրենք մեծ բազային պայմանագիր Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան և Թեհրանը վաղուց են աշխատում փաստաթղթի վրա․ «Ինձ համար շատ հաճելի է, որ այդ աշխատանքն ավարտված է։ Դա կարևոր է, քանի որ դա մեզ հնարավորություն կտա լրացուցիչ խթան հաղորդել մեր համագործակցությանը՝ գրեթե բոլոր ուղղություններով։ Իհարկե, խիստ պահանջված են միջազգային օրակարգի շուրջ մեր խորհրդակցությունները և աշխարհում, և, իհարկե, տարածաշրջանում», – ասել է Պուտինը։
0Comments