Նիկոլաս Մադուրոն հունվարի 10-ին երկրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: Մայիսյան նախագահական ընտրությունների հաղթողը երկիրը մինչեւ 2025 թվականը կգլխավորի ներքաղաքական բարդ իրադրության եւ ԱՄՆ-ի, Եվրամիության ու լատինամերիկյան տարածաշրջանի երկրների մեծամասնության կողմից ճնշման պայմաններում։ Օգտվելով Սահմանադրության դրույթից՝ Մադուրոն խուսափել է ընդդիմադիր խորհրդարանի առջեւ ելույթից եւ երդումը տվել է Վենեսուելայի Գերագույն դատարանում՝ իր կողմնակիցների շրջապատում:
Մադուրոն հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի նոր տնտեսական միջոցառումներ, ինչպես նաեւ ասել է, որ պատրաստ է համաշխարհային ասպարեզում հանդիպել իր կառավարության բոլոր քննադատների հետ եւ ամբողջ ճշմարտությունը պատմել Վենեսուելայի մասին: Երդմնատվությունից հետո Մադուրոն ուղեւորվել է Ռազմական ակադեմիա, որտեղ ընդունել է զորահանդեսը: Այնուհետեւ հանդիսությունները շարունակվել են Միրաֆլորես նախագահական պալատում:
Վենեսուելական իշխանությունների տվյալներով՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել են 90-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում ներկա են եղել վեց պետությունների՝ Աբխազիայի, Բոլիվիայի, Կուբայի, Նիկարագուայի, Սալվադորի եւ Հարավային Օսիայի ղեկավարները:
Մադուրոյի նոր նախագահական ժամկետը չճանաչելու մասին Լիմայի խմբի մեջ մտնող պետությունները հայտարարել էին դեռ անցած շաբաթ: Համապատասխան փաստաթուղթն ստորագրել էին Արգենտինայի, Բրազիլիայի, Գայանայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Սենտ-Լյուիսի եւ Չիլիի ներկայացուցիչները: Նրանք կոչ էին արել Մադուրոյին՝ չստանձնել նախագահի պաշտոնը եւ գործադիր իշխանությունը հանձնել Ազգային ժողովին:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
0Comments