Իրանը թույլ չի տալիս փոխել իր հյուսիսային սահմանները. Պետք է պահպանվի Իրանի ընդհանուր սահմանը Հայաստանի հետ. Մոջթաբա Զոլնուրի

Մանրամասներ

ա

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ:

Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դոկտոր Մոջթաբա Զոլնուրին:

Նրա խոսքով, երկու երկրներն իրավասու են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը: «Մենք սատարում ենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և նաև պաշտպանում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականությունը, հողը և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու հարցում:

Մենք երկու երկրների հետ հարևաններ ենք, և ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»,- Թեհրանում «Սպուտնիկ» -ի լրագրողի հարցին ի պատասխան նշել է նա: