Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կարտաքսի երկրից, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ. խորհրդական

Մանրամասներ
մագատե

Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ։ Այդ թվում` երկրից կարտաքսի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին և կդադարեցնի կազմակերպության հետ համագործակցությունը։

«Եթե արտաքին ճնշումը շարունակվի և Իրանը ռազմական հարվածի սպառնալիքի տակ հայտնվի, մենք զսպող քայլեր կդիտարկենք, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության դադարեցում և հարստացված ուրանի տեղափոխում անվտանգ վայր», – գրել է Շամխանին X սոցցանցում։

Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին՝ սպառնալով ռազմական գործողություններ սկսել, եթե վերջինս հրաժարվի միջուկային գործարք կնքել:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները՝ հնարավոր համարելով երկխոսություն միայն միջնորդների միջոցով։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակով ոչ ուղիղ բանակցություններ են նախատեսված ապրիլի 12-ին Օմանում։

Միևնույն ժամանակ Թրամփը հաստատել է, որ Թեհրանի հետ բանակցություններ են ընթանում և հայտարարել է «գրեթե բարձր մակարդակով» հանդիպման մասին առաջիկա շաբաթ օրը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարոլին Լևիտը հայտարարել է, որ բանակցությունները կանցկացվեն ուղիղ ձևաչափով: Պետդեպի ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հավելել է, որ դրանց մասնակցելու է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային կնքեցին գործարք, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: