«Պահածոների սեզոն». ի՞նչ է պետք իմանալ սննդային բոտուլիզմի մասին

Մանրամասներ

Շուտով կսկսվի ձմեռը, ինչը նշանակում է, որ շատ ընտանիքներում նկուղներից կհանվեն ամռանն այդքան ջանասիրաբար պատրաստված պահածոները:
Եվ բոլորովին էլ նշանակություն չունի, թե ոլորտի մասնագետներն ամբողջ ամառ որքան են կոչ արել՝ խուսափել տնային պայմաններում պահածոներ փակելուց, միեւնույն է, «գործն արդեն արված է», եւ տնական խավիարից չփորձելը աններելի հանցանք է թվում մայրիկի նկատմամբ:

Պետք է հիշել, որ թերի վերամշակված բանջարեղենը կարող է առաջացնել սննդային բոտուլիզմ, որը ժամանակին չհայտնաբերվելու դեպքում ավարտվում է մահով:

Ի՞նչ է պետք իմանալ բոտուլիզմի մասին

Բոտուլիզմի հարուցիչը՝ Clostridium botulinum-ը, բակտերիա է, որը թթվածնի ցածր մակարդակի պայմաններում արտադրում է վտանգավոր տոքսիններ՝ բոտուլոտոքսիններ: Վերջինները արգելակում են նյարդի գործողությունները եւ կարող են հանգեցնել շնչառական եւ մկանային պարալիզացման:

Սննդային բոտուլիզմն առաջանում է անհրաժեշտ վերամշակման չենթարկված (նեյրոտոքսիններով եւ բոտուլոտոքսիններով վարակված) սնունդ ընդունելիս: Եվ տնային պայմաններում պահածոյացված մթերքը սննդային բոտուլիզմի հիմնական աղբյուրն է:

Բոտուլոտոքսիններն ազդում են նյարդային համակարգի վրա: Սննդային բոտուլիզմի հետեւանքով կարող է առաջանալ կաթված, որին հաջորդում է շնչառական անբավարարություն:

Ավելի վաղ կարող են արտահայտվել հետեւյալ նախանշանները՝

  • գերհոգնածություն
  • գլխապտույտ
  • տեսողության խանգարում
  • չորություն բերանի խոռոչում
  • կլման եւ խոսելու դժարություն
  • սրտխառնոց
  • վքնածություն
պահածո

Բոտուլիզմի հետեւանքով պարանոցի եւ ձեռքերի շրջանում կարող է առաջանալ թուլություն, ինչից հետո ախտահարվում են շնչառական եւ մարմնի ստորին հատվածի մկանները: Բոտուլիզմի ժամանակ ջերմաստիճանի բարձրացում եւ ուշագնացություն չի լինում: Սովորաբար թունավորման  առաջին նշաններն ի հայտ են գալիս ուտելուց նվազագույնը 4 ժամ հետո եւ առավելագույնը 8 օր անց:

Բոտուլիզմը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, սակայն բարձր է դրա մահացության ցուցանիշը: Եթե ճիշտ ժամանակին առաջին բուժօգնության միջոցներ չեն ձեռնարկվում (անտիտոքսինի ներարկում եւ թոքերի արհեստական վենտիլացիա), ապա  5–10% դեպքերում այն ավարտվում է մահով:

Եթե, այնուամենայնիվ, չեք դիմանում մայրիկի փակած ախորժալի կարմիր տաքդեղը համտեսելու գայթակղությանը, ապա ուտելուց առաջ գոնե 10-15 րոպե եռացրեք այն: