Մեծահասակ ծնողներից ծնված երեխաները պակաս ագրեսիվ են

Մայրերի տարիքը տատանվել է 16-ից մինչեւ 48 տարեկանը, իսկ հայրերի՝ 17-ից մինչեւ 68 տարեկանը
երեխա

Հոլանդացի հետազոտողները պարզել են, որ մեծահասակ ծնողներից ծնված երեխաները պակաս ագրեսիվ են:

EurekAlert!-ը հայտնում է, որ հետազոտության շրջանակում ընդգրկվել են Նիդեռլանդների բնակչության բոլոր սոցիալ-տնտեսական խմբերի ներկայացուցիչները, եւ վերլուծվել է 10-ից մինչեւ 12 տարեկան 32 892 երեխաների խնդրահարույց վարքագիծը, ինչի մասին հայտնել են ծնողները եւ ուսուցիչները: Ընդ որում՝ մասնագետները հաշվի են առել երեխայի ծնվելու պահին ծնողների տարիքը (մայրերի տարիքը տատանվել է 16-ից մինչեւ 48 տարեկանը, իսկ հայրերի՝ 17-ից մինչեւ 68 տարեկանը):

Պարզվել է, որ ավելի մեծ տարիքի ծնողների երեխաները պակաս ագրեսիվ են: Հետազոտության համահեղինակ, Ամստերդամի ազատ համալսարանի պրոֆեսոր Դորեթ Բումսման նշում է, որ սա, հավանաբար, կապված է ռեսուրսներին մեծ հասանելիության եւ մեծահասակ մայրերի ու հայրերի կրթական ավելի բարձր մակարդակի հետ:

Հետազոտությունը հրապարակվել է Child Development ամսագրում: