Երեկ ծնվել է Արցախից բռնի տեղահանված Մարգարյան ամուսինների երկրորդ որդին, որին Արցախի անկախության օրվա առթիվ Արցախ են անվանել։ NEWS.am–ի հետ զրույցում Նելլի Բեգլարյանը պատմում է. «Առաջին որդուս անունը ես եմ դրել, իսկ երկրորդինը՝ ամուսինս։ ԻՆքն էլ ասաց, եթե անկախության օրը ծնվեց, անունը կդնենք Արցախ։ Արցախ ենք դրել, որպեսզի չմոռանանք մեր հայրենիքը»։
Նելլին պատմում է, որ ամուսնու՝ Սուրենի հետ Արցախի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում են ծանոթացել, 44–օրյա պատերազմից հետո, սիրահարվել ու ամուսնացել, սակայն երկու որդիներն էլ Հայաստանում են ծնվել՝ Լեոն բռնի տեղահանումից ընդամենը մեկ ամիս անց, իսկ Արցախը՝ իր հայրենիքի անկախության օրը, երբ այն արդեն թշնամու տիրապետության տակ է գտնվում։
Սուրեն Մարգարյանը պատմում է, որ 44-ամյա պատերազմի ժամանակ պայմանագրային զինծառայող էր։ Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, հորաքրոջ որդու ու երկու զինակից ընկերների հետ դիրքեր էր բարձրանում, երբ հակառակորդը հարվածեց իրենց մեքենային. Սուրենի եղբայրն ու զինակից ընկերները զոհվեցին, նա էլ հաշմանդամ դարձավ։Վերականգնողական բարդ շրջանից հետո էլ կրկին որոշեց հայրենիքի պաշտպանությանն աջակցել, բայց ծառայել այլևս չէր կարող. զենքերի պահեստում հերթապահություն էր անում։
«30 տարի շատ երիտասարդներ զոհվել են իրենց հողը պաշտպանելու համար։ Արցախի ողջ երիտասարդությունը բանակում էր ծառայում, ուրիշ տեղ չէին աշխատում»,–պատմում է նա։
Մարգարյանների ընտանիքն ամեն օր Արցախի մասին հուշերով է արթնանում, ուզում են հարազատների ու ընկերների գերեզմաններին այցելել. Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով մահացել է Սուրենի հորեղբայրը։
«Արցախցիների համար մի հարված էլ բենզինի պահեստի պայթյունն էր։ Տղաները դիրքերից իջել էին, որ բենզին վերցնեն ու իրենց ընտանիքներին փրկեն։ Դիրքերում տղաներին ոչինչ չեղավ, խաղաղ պայմաններում պայթյունից մահացան»,–ասում է Սուրեն Մարգարյանը։
Սուրենը վաղուց դուստր ունենալու մասին է երազում, ասում է՝ հույս ունի, որ գոնե երրորդ երեխան աղջիկ կլինի, որը կծնվի իր հայրենիքում՝ Արցախում։
0Comments