Մբապե․ «Ոսկե գնդակ» ստանալու համար պետք է հաղթել Չեմպիոնների լիգայում

Իմ նպատակը հենց այդ գավաթն է

«Ոսկե գնդակ» ստանալու համար պետք է հաղթել Չեմպիոնների լիգայում, ասել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն՝ նշելով, թե որն է իր համար ավելի կարեւոր։

«Ամենագլխավորը Չեմպիոնների լիգայում հաղթելն է, քանի որ կարելի է արժանանալ «Ոսկե գնդակի» եւ չմտնել պատմության մեջ։ Եթե լիներ թենիս, ես կասեի, որ գլխավորը «Ոսկե գնդակն» է, քանի որ անհատական մարզաձեւ է, բայց ֆուտբոլը թիմային խաղ է եւ կարեւոր է տիտղոսը։

Ամբողջ աշխարհի համար կարեւոր է, որ «Ոսկե գնդակ» ստացողը նվաճած լինի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Իմ նպատակը հենց այդ գավաթն է»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Այս տարի «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ոսկե գնդակի» ֆավորիտներ են համարվում նաեւ  «Լիվերպուլի» կազմում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը, եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն, գրում է NEWS.am SPORT: