Ուղեղի համար սննդային հավելումները բացարձակ անօգուտ են

Ավելի քիչ ֆինանսական ծախսերով եւ ավելի մեծ արդյունավետությամբ մարդը կարող է ձեռք բերել եւ ամեն օր թարմ մրգեր եւ բանջարեղեն ուտել

ա

Սննդային հավելումները, որոնք խոստանում են ամրապնդել ուղեղի առողջությունը, իրականում բացարձակ անօգուտ են, ինչպես պարզել են Global Council on Brain Health (GCBH)-ի մասնագետները: Նրանց խոսքով ավելի էժան եւ ավելի լավ է գնել  թարմ մրգեր եւ բանջարեղեն:

Նման հավելումներն այսօր տարածված են շատ զարգացած երկրներում: Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում 50 տարեկանից բարձր  ամեն 4-րդ չափահասը ուղեղի համար որեւէ ԲԱՀ է ընդունում:

Սակայն նույն հետազոտությունը հաստատել է, որ այդ սննդային հավելումների արդյունավետությունը գրեթե զրոյական է, դրա համար դրանք գումարի անիմաստ վատնում են:

Նյարդաբանական խանգարումների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողներն ընդգծում են, որ ոչ մի հանքանյութ, խոտաբույսի թուրմ, ամինաթթուներ գրեթե ոչ մի ազդեցություն չունեն ուղեղի առողջության վրա:

Ավելի քիչ ֆինանսական ծախսերով  եւ ավելի մեծ արդյունավետությամբ մարդը կարող է ձեռք բերել եւ ամեն օր թարմ մրգեր եւ բանջարեղեն ուտել, որոնք իսկապես օգտակար են ուղեղի համար:

Խնդիրն այն է, որ սննդային հավելումները դեղամիջոցների կատեգորիային չեն պատկանում, դրա համար խիստ գիտական հետազոտությունների չեն ենթարկվում, որոնք կհաստատեին կամ կհերքեին դրանց արդյունավետությունը:

Բավականին հաճախ արտադրողները օգտագործում են այնպիսի բառակապակցություններ, ինչպիսին «գիտականորեն ապացուցված է», «ստուգված է լաբորատորիաներում» եւ այլն:

Նշվում է, որ այդ մթերքներն իսկապես ապահովում են ուղեղի առողջությունը: Սակայն եթե ուշադիր նայենք փաթեթավորմանը, դրա վրա կարելի է կարդալ նաեւ, որ այդ պնդումները ստուգված չեն  ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղերի որակի սանիտարական վերահսկման  վարչության կողմից եւ որ այդ արտադրանքը նախատեսված չէ ցանկացած հիվանդությունների բուժման, կանխարգելման եւ դիագնոստիկայի  համար:

Ցավոք, նման զգուշացումները մարդիկ պարզապես չեն կարդում: