Զելենսկին մերժել է ՌԴ-ին տարածքներ զիջելու գաղափարը՝ հանուն խաղաղության համաձայնագրի

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից երկրի տարածքի բռնակցումը, նույնիսկ եթե դա լինի խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

Ըստ Զելենսկիի, որի խոսքը մեջբերում է The Guardian պարբերականը, նման համաձայնությունն ապագայում կարող է հանգեցնել լարվածության։

Չնայած Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներն իրեն են պատկանում, Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար դա միշտ լինելու է «ժամանակավոր օկուպացիա»։

Նա այն կարծիքն է հայտնել, որ Ուկրաինային աջակցող կամ   միջնորդներ լինել ցանկացող երկրները հասկանում են, որ եթե հակամարտությունն ավարտվի ոչ այնպես, ինչպես ճիշտ է համարում Կիևը, ապա մարդիկ ժամանակի ընթացքում կցանկանան վերականգնել արդարությունը։

«Մենք չենք ցանկանում ոչինչ, ինչը մեզ չի պատկանում», – վստահեցրել է նա:

Ավելի ուշ Զելենսկին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ երկրին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե մշտական պատերազմ, այդ պատճառով էլ Կիևն ասում է, որ «անվտանգության երաշխիքները դրա բանալին են»։

«Մոտ ապագայում մենք բոլորս Եվրոպայում կձևակերպենք մեր ընդհանուր դիրքորոշումները՝ այն սահմանները, որոնց պետք է հասնենք և այն սկզբունքները, որոնց հարցում մենք չենք կարող զիջումների գնալ։ Այս դիրքորոշումները կներկայացվեն ԱՄՆ-ի մեր գործընկերներին։ Ամուր և տևական խաղաղությունը, ինչպես նաև պատերազմը դադարեցնելու պատշաճ համաձայնությունը իսկապես մեր ընդհանուր առաջնահերթությունն է», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը: