Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ կնքել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, որի ստորագրումը հետաձգվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած թեժ վիճաբանությունից հետո։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է։ Այն պատրաստ չէր, կային մի քանի տարբերակներ, բայց վերջնական տարբերակը պատրաստ է, և նախարարները կարող են այն ստորագրել…. Մեր քաղաքականությունն է շարունակել դա՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել անցյալում։
Մենք կառուցողական ենք տրամադրված, մենք համաձայնել ենք այն ստորագրել, մենք պատրաստ ենք այն ստորագրել», – ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա հավելել է, որ ցանկանում է, որ Ուկրաինայի դիրքորոշումը լսելի լինի։
«Մենք ուզում ենք, որ մեր գործընկերները հիշեն, թե այս պատերազմում ով է ագրեսորը», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Եվրոպական երկրների ղեկավարների հետ Լոնդոնում մարտի 2-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնում իր և ԱՄՆ նախագահի միջև տեղի ունեցած թեժ հանդիպումը օգուտ չի բերել ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Ուկրաինային, այլ միայն օգուտ է բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նաև նշել է, որ կվերադառնա Սպիտակ տուն, եթե նման հրավեր ունենա։
Իր հերթին Sky News-ը նշում է, որ լրագրողների հետ հանդիպմանը Զելենսկին հաստատել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո Ուկրաինայի և ԱՄՆ նախագահի վարչակազմի միջև եղել է հաղորդակցություն, բայց ոչ իր մակարդակով։
0Comments