Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան

Մանրամասներ
Սրբուհի Գալյան

Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր ելույթում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց, որ այդ քայլերից են սահմանադրական բարեփոխումներները, որոնք ընթացիկ  փուլում են գտնվում. «Գործում է  համապատասխան խորհուրդը,  կազմված է Սահմանադրության հայեցակարգը, այժմ աշխատում ենք  Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ  ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև  2026 թվականի ընտրությունները։

Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում  սոցիալ-տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է  մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի, տարբեր  պետական մարմինների տեղի և դերի մասին, իհարկե, նաև բազմաթիվ այլ կարգավորումներ կան:

Հաջորդը ընտրական բարեփոխումների ոլորտն է. վերջերս մենք ընդունեցինք ընտրական օրենսդրությունում փոփոխությունների փաթեթը, որի համաձայն շեշտադրվեցին անձանց իրավունքները, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որոնց ընձեռվեց հավասար հնարավորություն մասնակցելու ընտրական գործընթացներին: Ինչպես նաև այս օրենսդրական փաթեթի շեշտադրումը կապված էր կուսակցությունների ֆինանսավորման հետ և կուսակցություններին ընձեռնվեց հնարավոր հավասար ֆինանսավորում ստանալու հնարավորություն։

Հաջորդ կարևոր քայլը, որը նաև նախատեսված է CEPA-ի շրջանակներում, մեր օրենսդրության մոտարկումն է ԵՄ օրենսդրությանը, և այս ուղղությամբ կրկին քայլեր արդեն ձեռնարկված են, 2024 թվականի ընթացքում 30-ից ավել օրենսդրական նախագծեր արդեն մոտարկված են ԵՄ օրենսդրությանը; Այս ուղղությամբ կրկին շարունակական քայլեր արդարադատության նախարարությունը իրականացնելու է։

Եվ հաջորդ կարևոր ոլորտը, դա անձնական տվյալների պաշտպանության ոլորտն է: Այս ոլորտի լավարկումը նաև պայմանավորված է վիզաների ազատականացման գործընթացով։ Մինչ այս պահը մասնագիտական վերապատրաստումներ են իրականացվել անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում, բայց մենք ունենք ավելի մեծ ծրագիր՝ կապված այս գործակալության հետ և նախատեսում ենք դրա առանձնացումը և անկախ մարմնի տեսքով ներկայացումը մեր պետական մարմինների համակարգում»՞,-ասաց Գալյանը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ մշակվում է հայեցակարգ առանձին ինստիտուտ ստեղծելու հետ կապված, որը պատասխանատու է լինելու անձնական տվյալների պաշտպանության համար: