Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված այն փոփոխություններով, որոնք տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց՝ նախորդ ռազմավարությունը պատրաստվել և հրապարակվել է 2020թ․ ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ըստ նրա՝ նաև այդ փոփոխությունների դինամիկան նկատի ունենալով՝ որոշակի ժամանակ սպասել են, հստակեցումներ ունենալուց հետո որոշել են նոր ռազմավարություն ունենալ։
«Թե որ ուղղություններով է փոխվելու, այս պահին չենք կարող ասել։ Մինչ այս պահը խոսել ենք աշխատակարգի մասին»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ կարելի է համարել, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Գրիգորյանը խոստացավ, որ ռազմավարության ձևավորման ամբողջ աշխատանքը հրապարակային է լինելու։
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի։
Փետրվարի 19–ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել։
Ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2020 թվականին։ Այնտեղ, ի դեպ, նշվում է, որ հայերը Հայաստանի հպարտ քաղաքացիներ են, Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնադրած և Արցախը ազատագրած հայ ժողովրդի զավակներ: Ասվում է նաև, որ Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21–րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:
Ազգային նպատակների շարքում շեշտադրված են Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:
«Հայաստանի անվտանգային միջավայր» բաժնում նշվում է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը և այլն։
0Comments