Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Մանրամասներ
իրան ադրբեջան դրոշ

Այսօր Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ, հայտնում է IRNA պետական կրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարարության Եվրասիական հարցերով բաժնի ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն նման քայլերը «վնասարար» է որակել և պահանջել պատասխանատվության ենթարկել «նման բացասական գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին»։

Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքի դեմ վճռական պայքարելու» անհրաժեշտությունը։

«Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների և գործողությունների կապակցությամբ, խոստացել իրավիճակը ներկայացնել իր երկրի իշխանություններին»։

Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ վերջին օրերին Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանողներ են արտաքսվել երկրից «անբարո վարքի պատճառով»։ Այլ մանրամասներ հայտնի չեն։