Քենիայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 21-ի

Գրոհայիններին օգնելու կասկածանքով 2 մարդ ձերբակալվել է

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Dusit հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է, հասնելով 21-ի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանապետին: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին:

Ոստիկանության գլխավոր տեսուչ Ջոզեֆ Բոյնեի խոսքով՝ զոհերի թվում կա նաև մեկ ոստիկան:

Հաղորդվում է, որ գրոհայիններին օգնելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին մի խումբ զինված անձինք մեքենայով մոտեցել են Dusit հյուրանոցին և կրակելով պահակախմբի ուղղությամբ՝ ներխուժել հյուրանոցի տարածք: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է արմատական «Ալ-Շաբաբ» խմբավորումը: