Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է հրաժարականի մասին՝ որպես բողոքի նշան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ գործարքի, որը ենթադրում է Գազայի հատվածում հրադադարի հաստատում:

Բեն-Գվիրի «Հրեական ուժը» կուսակցությունը հայտարարել է Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Այդ մասին իսրայելցի նախարարը հայտնել է Տելեգրամի իր ալիքում:

««Հրեական ուժի» պատգամավորները վարչապետին են ներկայացրել հրաժարականի դիմումներ: Մեր խոսքը խոսք է: Մենք չենք համաձայնի այդ գործարքին»,- գրել է Բեն-Գվիրը:

Հիշեցնենք՝ Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով դադարեցնել կրակը ու հայտարարել ռազմական գործողություններին վերջ տալու մտադրության մասին, որոնք 15 ամսում խլել են շուրջ 46 հազար պաղեստինցու և 1500 իսրայելցու կյանք:

Գործարքի առաջին փուլը ենթադրում է իսրայելցի 33 պատանդի ազատ արձակում՝ շուրջ 1000 պաղեստինցի բանտարկյալի դիմաց:

Իսրայելական զորքերը պետք է հետ քաշվեն Գազայի հատվածի սահմանը, թեև դեռևս կմնան դրա սահմաններում: