Հրվ. Կորեայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 177-ի. հայտարարվել է 7-օրյա սուգ

Մանրամասներ
կորեա

Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը մեկշաբաթյա սուգ է հայտարարել Մուան քազաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո: Նրա խոսքով՝ սուգը կտևի այսօրվանից մինչև հունվարի 5-ի ժամը 00:00-ն, գրում է ՏԱՍՍ-ը։

Օդանավի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 177-ի։

Հիշեցնենք, որ Թաիլանդից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռում եղել է 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։

Կորեական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է խոշոր հրդեհը, որը բռնկվել է բախումից անմիջապես հետո: Կրակի մեջ այրված ինքնաթիռը երկու մասի է բաժանվել.

Դեպքից անմիջապես հետո հրշեջ-փրկարարները սկսել են փրկարարական աշխատանքները։

Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի քաղաքացիներ են, ևս երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։

Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կարող էր կորցնել կառավարումը թռչունների հետ բախվելու պատճառով։