Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության հրամանագրին Ֆրանսիայի արձագանքը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)՝ համապատասխան կլինի դատարանի կանոնադրությանը, հայտնում է Reuters-ը։
Նիդեռլանդներն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործի դնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի տրած ձերբակալման հրամանը:
Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության հրամանագիր է տվել «մարդկայնության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար»։
Դատարանը հայտարարել է, որ Իսրայելի բողոքը ՄՔԴ իրավասության վերաբերյալ որոշել է միաձայն մերժել:
Միջազգային քրեական դատարանից հավելել են, որ կան «ողջամիտ հիմքեր» ենթադրելու, որ Նեթանյահուն և Գալանտը «քրեական պատասխանատվություն են կրում պարտադրված սովամահության՝ որպես պատերազմի վարման եղանակի, ռազմական հանցագործության համար»:
Դատարանը միաժամանակ նշել է, որ կան նաև ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ Նեթանյահուն և Գալանտը Գազայի քաղաքացիներին սննդից, ջրից, դեղորայքից, բժշկական պարագաներից, վառելիքից և էլեկտրականությունից «միտումնավոր և գիտակցաբար են զրկել»։
0Comments