Մակրոնն Ուկրաինայի հարցով արտակարգ հանդիպում է հրավիրել

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 17-ին Փարիզում արտակարգ գագաթնաժողովի շրջանակներում կհյուրընկալի եվրոպական երկրների առաջնորդներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ Ֆրանսիայի նախագահության տարածած հաղորդագրության՝ Մակրոնը կոչ է արել «խորհրդատվական բանակցություններ» անցկացնել, որոնց ընթացքում կքննարկվի Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցման կտրուկ փոփոխությունը և դրա հետևանքները Եվրոպայի անվտանգության համար:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալի էր բերել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և Ուկրաինային՝ հայտարարելով, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց իրենց հետ խորհրդակցելու, և որ կսկսի խաղաղության գործընթաց։

Ուկրաինայի հարցով Թրամփի բանագնաց Քիթ Քելոգն ավելի մեծ անակնկալի բերեց Եվրոպային, երբ փետրվարի 15-ին հայտարարեց, որ Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ չի նստի։ Մինչ այդ, սակայն, ըստ Reuters-ի, Վաշինգտոնը եվրոպական մայրաքաղաքներ էր ուղարկել հարցաթերթիկ՝ հետաքրքրվելով, թե նրանք ինչպես կարող են նպաստել Կիևի համար անվտանգության երաշխիքներին։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 16-ին հայտարարել է, որ Ուկրաինան և Եվրոպան կլինեն ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ցանկացած «իրական բանակցության» մասը՝ ակնարկելով, որ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի հետ սպասվող բանակցությունները պարզապես հնարավորություն են՝ տեսնելու, թե որքան լուրջ է տրամադրված Մոսկվան։